Թուրքիայում Շուլե Չեթի սպանության գործը շատերից մեկն է, որը ստիպել է հազարավոր կանանց փողոց դուրս գալ Կանանց միջազգային օրը։ Նրանք բողոքում են բռնության դեմ ու պահանջում ավելի մեծ ուշադրություն այդ խնդրին իշխանությունների եւ դատական մարմինների կողմից, տեղեկացնում է Euronews-ը։
Շուլեի հայրը՝ Իսմայիլը, ապրում է 23-ամյա դստեր հիշողություններով։ Ընտանեկան լուսանկարներն այն ամենն են, ինչ մնացել են նրան...
Շուլե Չեթն ապրում էր Անկարայում եւ սովորում համալսարանում։ Ազատ ժամանակ աղջիկն աշխատում էր։ Այն չարաբաստիկ օրը՝ անցած տարվա մայիսին, Շուլեն գրասենյակում էր իր պետի ու նրա ընկերոջ հետ։ Ուշ գիշերը Շուլեի մարմինը գտնվել էր ընկերության քսանհարկանի շենքի պատուհանների տակ։ Տղամարդկանց հարցաքննել եւ բաց էին թողել։ Նրանք պնդում էին, որ Շուլեն ինքնասպան է եղել։
Շուլեի ընկերները սոցցանցերում արշավ կազմակերպեցին՝ կատարվածի հանգամանալի հետաքննություն պահանջելով։ Դիահերձման արդյունքները ցույց են տվել բռնաբարության հետքեր։ Աղջկա եղունգների տակ հայտնաբերվել են նրա բոսի ԴՆԹ նմուշները։ Տղամարդկանց մեղադրանքներ են ներկայացվել։ Բայց նրանք հերքում են իրենց մեղքը։
Փաստաբանը, որը ներկայացնում է զոհի ծնողների շահերը, կարծում է, որ Շուելի գործը ի ցույց է դնում վերաբերմունքը կանանց հանդեպ։ Իբր, եթե կին է, ուրեմն կարող է հենց այնպես վերցնել ու ինքնասպան լինել։
Կանանց ոչկառավարական կազմակերպությունները Թուրքիայում հայտարարում են, որ կանանց սպանությունների դեպքերը երկրում ավելի են շատանում։ Հաշվետվությունում ասվում է, որ 2013-2017 թվականներին հարազատի կամ գործընկերոջ կողմից սպանված կանանց թիվն ավելացել է մոտավորապես 75 տոկոսով։ Ակտիվիստները կարծում են, որ դա կապված է հասարակությունում գերիշխող նահապետական մտածողության եւ հարցին իշխանությունների մոտեցման հետ։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել։
Իրավապահ մարմինները մշակել են հավելված կանանց համար, որի օգնությամբ կարելի է ազդանշան ուղարկել ոստիկանություն իրենց սպառնացող վտանգի մասին։
Ակտիվիստները, որոնց թվում է Ֆիդան Աթասելիմը, ասում են, որ բողոքի երթերը ավելի զանգվածային են դառնում, որովհետեւ խնդիրն առնչվում է հասարակության բոլոր շերտերի կանանց։
Մինչդեռ, անգամ կառավարամետ լրատվամիջոցներն են նշում, որ կանանց բռնությունից պաշտպանող օրենքները հաճախ անտեսվում են, եւ նշվում է պատշաճ կոորդինացման բացակայությունը կառավարական կառույցների եւ իրավապահ մարմինների միջեւ։
Բողոքի երթերը եւ սեւեռուն ուշադրությունը կանանց հանդեպ բռնության թեմային հուսադրում են, որ ուրիշ ընտանիքներ չեն անցնի նրա միջով, ինչին բախվել է Շուլեի ընտանիքը։











