Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ողջունելով սահմանապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց հայրենանվեր ծառայության համար եւ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն:

Ավանդույթի համաձայն ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ երդվեցին ու աղոթեցին:

Հանդիսավոր երթով Տավուշ մեկնեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանման զորամասի ծառայողները, իսկ հաջորդ օրը նրանց ծառայակից ընկերները վերադարձան նույն դիրքերից:

Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետը:

Վալերի Օսիպյանը նշեց, որ դիրքապահ ոստիկանները ողջ համակարգի հպարտությունն են. «Մենք հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք, որ մեր շարքերում, մեր կողքին ծառայում են մեր անվտանգության երաշխավորները»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը:

Նա նաեւ շնորհավորեց ոստիկանների կանանց մարտի 8-ի առթիվ. «Մեր սահմանապահների ամուր թիկունքը հենց դուք եք սիրելի կանայք եւ ձեզնով է պայմանավորված մեր ուժեղ լինելը», - ասաց Վալերի Օսիպյանը:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգեւատրվեցին պատվոգրերով:

Ի դեպ պարգեւատրվողներից մեկն, ինչպես պարզվեց, շարքում չէր: Վատացել էր ծառայողի ինքնազգացողությունը եւ գտնվում էր զորամասի բուժկետում:

Հանդիսավոր երթն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամաս, հանդիպեց ոստիկանին ու մաղթեց առողջություն:

Վալերիյ Օսիպյանը նաեւ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ ծառայության պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: