Մենք դեռ կգնանք բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ անելու, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրել է խնդիրը, որ ջրօգտագործողների միությունները աշխատավարձ չեն ստանում. «ՋՈ-երը մինչեւ աշխատավարձ չստանան, բոյկոտում են եւ չեն նախապատրաստվում ոռոգման սեզոնին»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե չեմ սխալվում ՋO-երը աշխատավարձ ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են: Ես երեկ տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել 1 մլրդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում, ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա ու ցույց անի, որ աշխատավարձ չի ստացե՞լ, չեք աշխատել՝ չեք ստացել:
Մենք դեռ կգնանք, բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, եւ հետո չգաք ասեք՝ ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է, նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, դե կառավարություն, վճարի, ինչո՞ւ պետք է վճարի»:
Նա նկատեց, որ չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն կառավարում, եւ կարիք կա համակարգի փոփոխության:
«Չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն կառավարում, ամբողջ մենեջմենթին պետք է գործից հեռացնել: Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է: Հեսա հերթով կգնանք իրենց հետեւից, եթե աշխատավարձ չեն ստանում, կմտնենք իրենց տները, տեսնենք ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»,-ասաց վարչապետը:
Դիտարկմանը, որ գյուղացիներին չի հետաքրքրում ՋՕ-կառավարություն փոխհարաբերությունները, իսկ իրականում գյուղերի բերքը 80 տոկոսով փչացել է ջրի պակասից, Փաշինյանն արձագանքեց. «Շատ վատ է, որ չի հետաքրքրում, որովհետեւ ՋՕ ղեկավարն իրենց ընտրածն է: Որեւէ մեկը գնացել հարցրե՞լ է՝ ես ջուր չունեմ, էսքան պարտք է քո ընկերությունը, դու ո՞նց ես «Բրաբուսով» ֆռֆռում: Թող գնան հարցնեն: Մենք կգնանք հերթով կհարցնենք»:











