Պետերբուրգում Ա.Ֆ. Մոժայսկու անվան ռազմատիեզերական ակադեմիայում պայթյունի հեռեւանքով, որի պատճառ է հանդիսացել, ամենայն հավանականությամբ, ականը, փլվել է սանդղահարթակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին։

«Նախնական տվյալներով՝ երկրորդ հարկի դասարանում ական է պայթել։ Տուժել է չորս կուրսանտ, բացի այդ, փլուզվել է առաջին եւ երկրորդ հարկի սանդղահարթակը։ 20 մարդ մնացել է շրջափակված»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Շենքի այլ մասերից կատարվել է կուրսանտների եւ դասախոսների տարհանում, ավելացրել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Ա.Ֆ. Մոժայսկու անվան ռազմատիեզերական ակադեմիան Ռուսաստանի խոշոր ռազմական բուհերից է։ Ակադեմիայում պատրաստում են Օդատիեզերական եւ ՌԴ ԶՈւ այլ զորատեսակների, ինչպես նաեւ գործադիր իշխանության դաշնային մարմինների սպաներ։