Ոստիկաններն ու զինվորականները հայտնվել են կրակահերթի տակ Շրի Լանկայի արեւելքում տեղակայված Կալմունայ քաղաքում խուզարկություն կատարելու ժամանակ, հաղորդում է Al Jazeera-ն:

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակի ներկայացուցչին, իրավապահների բախումները կասկածյալների հետ տեղի են ունեցել շենքում խուզարկության ժամանակ Զատկի կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետաքննության շրջանակներում:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ եւս երեք պայթյունների մասին, որոնք որոտացել են Կալմունայ քաղաքում: Այդ առնչությամբ քաղաքում եւ դրա հարակից շրջաններում հայտարարվել է պարետային ժամ:

Ավելի վաղ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ: