Բնական է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հեղինակային էլեկտրոնային փառատոնի համար պետական գնումը լինի հենց հեղինակից, ոչ թե մրցույթ հայտարարվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 2ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տրամաբանական է հեղինակային փառատոնն անցկացնելու համար ֆինանսավորել հենց հեղինակ ընկերությանը, քանի որ չի կարող այդտեղ մրցույթ հայտարարվել։ Նա կատակեց դրա վերաբերյալ։

«Էդ մոտավորապես նույնն է, որ, ենթադրենք, ինչ-որ մի նկարչի ցուցահանդես կազմակերպելու համար հայտարարվի մրցույթ, եւ մրցույթում հաղթի ոչ թե այդ նկարիչը, այլ բոլորովին ուրիշ նկարիչ», – ծիծաղելով ասաց Փաշինյանը։

«Որովհետեւ այդ մեկ ուրիշն ավելի էժան գին է առաջարկել», – կատակը շարունակեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Վերադառնալով քննարկմանը՝ Փաշինյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հանձնարարեց այսպիսի իրավիճակները նույնպես հաշվի առնել, երբ քննարկվում է գնումների գործընթացի փոփոխությունը։ Ջանջուղազյանն ասաց, որ այդպիսի կարգավորում արդեն իսկ կա, քանի որ հեղինակային իրավունքով պաշտպանված ծառայություններն ու ապրանքները գնվում են կոնկրետ հեղինակներից։

Նշենք, որ Կառավարությունը որոշում կայացրեց թույլ տալ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն: