Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում գետի մեջ ընկած Boeing 737-ի դեպքի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ, սակայն նրանք բոլորը ստացել են թեթեւ վնասվածքներ, հաղորդում է UPI-ը:

Նախքան պատահարը Ջեքսոնվիլում անձրեւ էր սկսվել:

«Ես կարծում եմ, որ դա հրաշք է: Հակառակ դեպքում մենք այսօր երեկոյան այլ պատմություն կպատմեինք: Կարծում եմ, որ պետք է խոսել մարդկանց պրոֆեսիոնալիզմի մասին, որոնք օգնել են ուղեւորներին դուրս գալ ինքնաթիռից, քանի որ դա կարող էր շատ ավելի վատ ավարտ ունենալ»,-հայտարարել է Ջեքսոնվիլի ծովային ավիացիայի հրամանատար, կապիտան Մայք Քոները:

The Guardian-ի հաղորդմամբ, շաբաթ սկսվել է դեպքի գործով հետաքննությունը: Ջեքսոնվիլ են ժամանել 16 քննիչներ, եւ ինքնաթիռից արդեն դուրս է բերվել ինքնագիր սարքը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը վերադառնում էր Գուանտանամո ծոցից՝ տեղափոխելով 136 ուղեւորի, թռիչքի վերջում ընկել էր Սենտ-Ջոնս գետը տեղական ժամանակով 21.40-ին: