ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի սրճարաններից մեկում առերեւույթ գողություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2019թ. մարտի 14-ին, Երեւան քաղաքի բնակիչը ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձինք Երեւան քաղաքում գործող սրճարաններից մեկում գողացել են իր կողմից նշված սրճարանում մոռացված «Մաքբուք Պրո» տեսակի համակարգիչը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019թ մարտի 23-ին՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ սրճարանի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ գողությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին:











