Այո, պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարեւորը պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, հավատք, ընկերություն, շրջապատ, որովհետեւ ցանկացած ծրագիր ու ներդրում կայանում է ծանոթության, վստահության կլոր սեղանի շուրջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս իրավիճակում վայր դնի մանդատը, որպեսզի ավելորդ խոսակցությունները դադարեն, թե՞ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ի գիտություն կընդունի իր պատասխանը եւ հարցը դրանով կփակվի, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ միայն պարոն Միրզոյանը, այլ նաեւ ամբողջ հանրության համար եւ ամենակարեւորը դիմողների համար, հասկանան, որ այդ ամենը անհիմն է: Իմ պատասխանում եւ իրավական եւ քաղաքական պատասխանը բարձր մակարդակով ներկայացված է: Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ներդրմանը: Այս 15 օրվա լարվածության մեջ ոչ մի բան չկա, անհիմն է: Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը իր ընկերությունները հանձնել է կառավարման, տարիներով չեմ գնում»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
Նա հավելեց, որ այս իրավիճակն ազդում է, որ իր հետ պայմանավորվածություն ունեցող 18 ներդրողները մտավախություն ունեն, որ «ինչ-որ մեկը կարող է քնից րթնանալ, անհիմն հայտարարություն անի»:
«Կամ կարող է վատ է քնել, կամ երազում ինչ է տեսել, չի կարելի... դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Արդեն մարդկանց մոտ մտավախություն կա՝ ներդրում անեն այս երկրում, թե ոչ: Կարող է մարդը վատ քնի, հելնի, մի հատ անհիմն եզրակացություն ասի: Ես ուզում եմ, որ մեր երկրում ներդրում լինի, որ մեր երկիրը զարգի, ծաղկանա, բարեկեցիկ երկիր դառնա»,- ընդգծեց Ծառուկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Սրա արձագանքել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հրապարակավ պարզաբանումներ պահանջելով Գագիկ Ծառուկյանից: Վերջինս էլ արձագանքել է ԱԺ նախագահի հայտարարությանը:











