Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը կալանել է մի կնոջ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի վրա Օլբերի քաղաքում, նրա ընտրարշավի ժամանակ, հարձակվելու պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ավստրալիայի ռադիոհեռարձակման կորպորացիային։
Միջադեպը տեղի է ունեցել Կանանց ազգային ասոցիացիայի միջոցառման ժամանակ. 24-ամյա կինը մոտեցել է Մորիսոնին եւ նրա վրա ձու նետել։
Ակտիվիստուհուն ներկայացվել է հարձակման, ինչպես նաեւ թմրանյութերի պահման մեղադրանք, որոնք հայտնաբերվել են նրա մոտ։
Վարչապետը միջադեպը մեկնաբանել է Թվիթերի էջում՝ այն անվանելով «վախկոտ ակտիվիստների» խուլիգանություն, «ովքեր ոչ մեկին չեն հարգում»։
Կորպորացիան նշում է, որ նման սադրանքները տարածված են Ավստրալիայի քաղաքական գործիչների շրջանում. մարտին դեռահասը ձու էր նետել սենատոր Ֆրեյզեր Էնինգի վրա։











