Ողբերգական վթար է տեղի ունեցել Արցախում։ «Գազ 31» մակնիշի ավտոմեքենան Շուշիի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը։ Վթարի հետեւանքով մահացել է հինգ մարդ, բոլորը նույն ընտանիքի անդամներ՝ ամուսիններն իրենց երկու որդիների եւ նրանցից մեկի կնոջ հետ։ Նրանք Սյունիքի մարզի Տեղ գյուղից էին, Արցախ էին մեկնել ազգականի հուղարկավորությանը մասնակցելու։ Նախնական տվյալով վարորդը՝ 27–ամյա Հարություն Ավագյանը, ղեկին քնել է։ 

Երկու օր Եգիպտոսի Հուրգադա քաղաքում անելանելի վիճակում հայտնված Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիներն այսօր երեկոյան վերջապես ժամանել են Հայաստան։ Կառավարությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում որոշել էր կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին 9 ամսվա ընթացքում փոխանցել ավելի քան 47 միլիոն դրամ՝ Հայաստանի քաղաքացիների տեղափոխումն իրականացնելու համար։ Արդեն հայտնի է, որ հայկական «ԷՅ էնդ Ար» տուրօպերատորը չի վճարել հունական ավիաընկերության գումարները, ինչի հետեւանքով ավիաընկերությունը չեղարկել է նաեւ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երեւան չվերթը։ Այդ չվերթի 100-ից ավելի ուղեւորներին նույնպես հայրենիք տեղափոխելու համար Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հունական մեկ այլ ընկերության հետ ձեռք է բերել եւս մեկ չվերթ իրականացնելու պայմանավորվածություն։ Դեսպանատունը տարածել է հայտարություն, որով հորդորել է այն ուղեւորներին, որոնց թռիչքը Հուրգադայից նախատեսված էր օգոստոսի 1-ի եւ 5-ին, ընդհատել ընդհատել եւ Հայաստան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով։  Ընդ որում, «ՍփոթԷյր» ընկերությունը պահանջել է յուրաքանչյուր չվերթի գումարը վճարել կանխիկ, մինչեւ չվերթի իրականացնելը։ Նշենք, որ նախօրեին հայկական տուրօպերատորի գործունեությունից տուժած քաղաքացիները մտել էին ընկերության գրասենյակ եւ պահանջում էին ապահով Հայաստան վերադարձնել իրենց հարազատներին, մյուսներն էլ պահանջում էին վերադարձնել նախօրեին չեղարկված Երեւան-Հուրգադա չվերթի դիմաց վճարած գումարները։ Գործին միջամտել է նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում «ԷՅ էնդ Ար» ընկերության գործունեության վերաբերյալ։ 

Հայ առաքելական եկեղեցին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց՝ համարելով այն խիստ մտահոգիչ։ Հայաստանի Եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների հայտարարության մեջ ասվում է, որ թեեւ եկեղեցին ողջունում է բռնությունը կանխարգելող յուրաքանչուր նախաձեռնություն, սակայն դա պետք է արվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի եւ նոր չարիքի, մինչդեռ կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ անընդունելի են։ Մասնավորապես, հոգեւորականները մտահոգիչ են համարում երկու սեռից զատ այլ սեռերի սահմանումները, ինչպես նաեւ սեփական սեռը ընտրելու քաղաքացիների ազատության իրավունքը։ Նշենք, որ սա առաջին անգամ է, երբ Հայ առաքելական եկեղեցին նման կոշտ եւ հստակ դիրքորոշում է հայտնում իշխանությունների որեւէ նախաձեռնության վերաբերյալ։ Նախօրեին Հանրային խորհուրդը նույնպես կառավարությանը կոչ էր արել զերծ մնալ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումից

Հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունները հաշվի առնելով՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Նախարարությունն ակնկալում է, որ հանձնաժողովը պաշտոնական կարծիք կտրամադրի այն մասին, թե կոնվենցիայի վավերացումն ինչ սահմանադրական հետևանքներ կունենա Հայաստանի համար։ 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Գործող ռազմավարությունը ընդունվել էր 12 տարի առաջ և չէր ներառում դրանից հետո տեղի ունեցած փոփոխությունները, օրինակ՝ տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, Հայաստանը դարձել էր ԵՏՄ անդամ, ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը։ Նորացվել է նաև Հայաստան-Արցախ և Սփյուռք համագործակցության հատվածը։ Ի դեպ, ինչ վերաբերվում է Արցախին, Արմեն Գրիգորյանն ընդունել է՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում խնդիրներ եղել են, սակայն վստահեցրել է, որ դրանք անցյալում են։ Լրագրողների խնդրանքով Արմեն Գրիգորյանն անդրադարձել է նաև Արցախում դավադիր ուժերի դեմ պայքարին, որի մասին հիշատակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Դատախազությունում քրեական գործ է հարուցվել Օպերայի հարակից տարածքում ապօրինի սրճարաններ տեղադրելու թույլտվություններ տալու առնչությամբ։ Դատախազությունն ուսումնասիրել է այդ տարածքում գործարարներին 2002-2018 թվականների ընթացքում հողահատկացումներ անելու և շինարարական աշխատանքների թույլտվություն տրամադրելու Երևանի քաղաքապետարանի որոշումները, և պարզել, որ այդ գործընթացում առկա են կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի որոշմամբ Ազատության հրապարակի առաջին գծի սրճարաններն ապամոնտաժվեցին այդ սրճարանների սեփականատերերի և աշխատակիցների բողոքի ակցիաների ուղեկցությամբ։ 

Երեւանում աղբահանությունը կրիտիկական վիճակում է, ահազանգում են բնապահպանները։ Դա կարող է խոլերայի եւ մ ի շարք այլ հիվանդությունների տարածման պատճառ դառնալ։ Բնապահպանները տարակուսանք են հայտնել քաղաքապետի անգործության առնչությամբ եւ հայտարարել՝ քաղաքացիներին հետաքրքիր չեն «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի հարաբերությունները։ Երեւանցիներին պետք են ոչ թե պարզաբանումներ, այլ որ քաղաքապետարանը անի իր գործը։ 

Բնապահպաները նաեւ ահազանգում են, որ Հայաստանի մանկապարտեզներում, քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում եւ նույնիսկ ռեստորաններում՝ անհայտ ծագման սնունդ է մատուցվում, առանց համապատասխան բժշկական փաստաթղթերի եւ ստուգումների։ Խոսքը հատկապես կաթնամթերքի եւ մսամթերքի մասին է։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ հանգստանում է Դիլիջանում։ Նախօրեին նա կնոջ ու դստեր հետ լուսանկար է հրապարակել Դիլիջանից, որին կից գրառում է արել. «Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Դիլիջան»: Հիշեցնենք, որ Փաշինյանը հուլիսի 22-ին գնացել է տասնօրյա արձակուրդ։ 

Հուլիսի 28-ին, ժամը 06.00-ից մինչեւ 20.00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երեւանի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչեւ Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Պատճառը Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունն է։ «Իմ քայլի» օրենսդիրները որոշել են այդ օրը ջրոցի խաղալ և գորգեր լվանալ։ 

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, եվրոն ևս թանկացել է։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, եվրոյինը՝ 530, բրիտանական ֆունտինը՝ 592, ռուսական ռուբլունը՝ 7.54 դրամ։ 

Հանգստյան օրերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27–ի ցերեկը սպասվում է +33+35, գիշերը՝ +18+20 աստիճան տաքություն։