Հուլիսի 28–ի երեկոյան Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել: 24–ամյա Արման Բուլղադարյանը Վանաձորից էր։ Նա 2015–ին ավարտել էր պարտադիր զինվորական ծառայությունը և մեկնել Ռուսաստան, սակայն մեկ տարի անց վերադարձել էր Հայաստան և անցել պայմանագրային ծառայության։ Նա գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել։
Նույն օրը կրկին հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորվել է 33–ամյա պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանը։ Նա արմունկի հրազենային վնասվածք է ստացել, վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկ պայմանագրային զինծառայող՝ 27–ամյա Վազգեն Ուլուխանյանը, վիրավորվել է նախորդ օրը։ Նա հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, ունի ամրակի եւ կողերի կոտրվածք։ Զինծառայողի վիճակը կայուն ծանր է։
Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ–ը։ Հայտարարությունում ասվում է՝ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետեւանքով սպանվել է մեկ, վիրավորվել երկու զինծառայող:
«Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում:
Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղված վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,– ասվում է հայտարարությունում։
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը և ժամանակավորապես կասեցրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, խոսքը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի մասին է։ Մեկ այլ քրեական գործով նրա աշխատասենյակը խուզարկել էին, ապա՝ կնիքել, իսկ խուզարկության արդյունքում առգրավվել էին Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։
Մի շարք փաստաբաններ խայտառակություն են որակել այս որոշումը՝ հայտարարելով, որ սա կարող է դառնալ անկախ դատական համակարգի մահը։ Շուրջ 80 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Ինքը՝ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ լրատվամիջոցներից է տեղեկացել իր լիազորությունները դադարեցնելու մասին, որոշումը կայացվել է մինչ ինքն արձակուրդում է գտնվում։
Լրացավ Հայաստանի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մեկ տարին, որը նրա փաստաբաններն անվանում են քաղաքական հաշվեհարդար երկրորդ նախագահի նկատմամբ։ Այդ առիթով անցած մեկ տարին ասուլիսում ամփոփել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ մեկ տարի անց Մարտի 1–ի սպանությունները դեռևս բացահայտված չէ, չնայած ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ գործը բացահայտված է։
Սողոմոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են նախօրեին։
Սողոմոնյանի խոսքով, եթե մեկ տարի առաջ կասկածներ կային, թե ով է կանգնած Քոչարյանի հետապնդման հետևում, հիմա այլևս կասկածներ չկան՝ ակնարկելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։
Լրագրողի դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ Քոչարյանի հետապնդումը կարող է կապ ունենալ Արցախի խնդրի հետ, քանի որ նա կարող էր ձախողել այսպես կոչված Բոլթոնի պլանը, Սողոմոնյանը պատասխանել է՝ դրանց կապը չնկատել չի կարելի։
Նրա խոսքով՝ ապօրինություններով ուղեկցվող գործընթացները վկայում են այն մասին, որ քաղաքական պատվեր է իջեցվել՝ ամեն ձեւով Քոչարյանին պահել անազատության մեջ, և արդեն պարզ է, որ այս գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ի վերջո Քոչարյանն արդարացվելու է և ազատ է արձակվելու։
Միաժամանակ, կառավարության առջև բողոքի ակցիա են անցկացրել Քոչարյանի աջակիցները։ Նրանք հայտարարել են, որ գիշերը, երբ իրենք պատրաստվում էին այսօրվա ակցիային, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով առանց հիմնավորման բերման է ենթարկել իրենցից չորսին և այսօր առավոտյան բաց թողել։
Հուլիսի 27-ի երեկոյան Երևանում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ազատամարտիկների փողոցի երկհարկանի ռեստորանային համալիրի՝ բեռների տեղափոխման համար նախատեսված վերելակի պարանը կտրվել է և վերելակն ընկել է մոտ 12 մետր բարձրությունից։ Վերելակի մեջ եղել է 2 աշխատակից։ 59–ամյա Արայիկ Մարտիրոսյանը եւ 45–ամյա Էդմոնդ Թադեւոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսն էլ ավելի ուշ հիվանդանոցում մահացել են։
Այս դեպքը և նախորդ շաբաթ բազմաբնակարան շենքում տեղի ունեցած վերելակի վթարը քաղաքապետ Հայկ Մարությանի անարդյունավետ գործունեության դեմ պայքարող Սոնա Աղեկյանին հիշեցրել է Մարությանի ևս մեկ նախընտրական խոստում՝ պայքարել «մահվան վերելակների դեմ»։ Այսօր առավոտյան նա գնացել է Աջափնյակի բազմաբնակարան շենքերից մեկը ու օգտվել իր խոսքով, մահվան վերելակից։
Ավելի ուշ նա իր համակիրների հետ սիմվոլիկ վերելակ է տարել քաղաքապետարան՝ Հայկ Մարությանի նկարով ու նրա խրտվիլակով։ Աղեկյանին, սակայն, թույլ չեն տվել իրականացրել ակցիան։ Վերելակը քաղաքապետարանի աշխատակիցները արագ վերցրել են ու մտցրել քաղաքապետարան։
Արտակարգ դեպք է գրանցվել Լոռու մարզում։ Բագրատաշենից Գյումրի ընթանալիս՝ երկաթգծի Թումանյան կայարանի մոտ վթարվել է վառելիքով բեռնված գնացքը։ Բենզինով բեռնված 7 ցիստեռն կողաշրջվել են և հրդեհվել։ Հրդեհը մարվել է մոտ երեք ժամվա ընթացքում։ Կրակը տեսանելի է եղել մի քանի կմ-ից։ Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այնուամենայնիվ, փրկարարներն իրենք չեն կարողացել խուսափել վնասվածքներից։ Հրդեհի վայր շտապող մարտական հաշվարկներից մեկը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ 40 մ գլորվել ձորը։ Երկու փրկարար տուժել է։ Նրանց դուրս են բերել ձորից և տեղափոխել հիվանդանոց։
Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և Երևան տեղափոխված Լիլիա և Միհրան Միրիջանյաններն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից նրանց հայրենի Օշական գյուղ են ճանապարհել առողջապահության փոխնախարարն ու հիվանդանոցի բուժանձնակազմը։ 17–ամյա Լիլիան արդեն քայլում է, նրա 14–ամյա եղբայրը դեռ պետք է սպասի։ Նշենք, որ երեխաները ծնողներին կորցրել էին ավտովթարի հետևանքով, մայրը մահացել էր տեղում, հայրն ավելի ուշ՝ հիվանդանոցում։
Բժիշկների խոսքով, երեխաները կամքի հերոսական ուժով են հաղթահարել դժվարությունները, ու իսկական հրաշք է, որ նրանք այժմ ապաքինվում են։ Միհրանը մտադիր է ֆուտբոլիստ դառնալ, իսկ Լիլիան, որի 17–ամյակն օրերս նշել էին հիվանդանոցում, ասել է, որ մտադիր է իրականացնել իր հետ կապված ծնողների բոլոր երազանքները։
Հայաստանում ավանդաբար մեծ ոգևորությամբ նշվող Վարդավառն այս տարի առանձնացավ պատգամավորների և կառավարության անդամների ընդգրկուն մասնակցությամբ։ Իշխանական պատգամավորներից մեկը Ազգային ժողովի դիմաց նախաձեռնել էր գորգերի լվացում, որի հաջորդեց ջրոցին։ Ընդ որում, ջրի ամենամեծ պաշարն ապահովեցին ոստիկանության ջրցան մեքենան, ինչպես նաև հրշեջ մեքենան։ Հեծանվավազքով Մասիս հասնելուց հետո այնտեղ ջրոցի խաղացին նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Այս տարի աննախադեպ մեծ շուքով, աստղերի մասնակցությամբ Վարդավառ նշեցին Գյումրիում։ Վարդանանց հրապարակում ջրվեց նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վարդավառը Սևանա լճում է անցկացրել արձակուրդի մեջ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ լճում լողալիս:
Համազգային տոնախմբությունը, ցավոք սրտի, առանց միջադեպերի չանցավ։ Հրազդանում Nissan–ի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա հղի կնոջը, որը փորձում էր խուսափել ջրվելուց։ Բարեբախտաբար, նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառնում:
Երեւանի սրճարաններից մեկում աշխատող երիտասարդ աղջիկն էլ «ջրվելու» հետեւանքով աչքի վնասվածք է ստացել: Ոստիկանները պարզել են, որ Վարդավառի տոնի հետ կապված մի քաղաքացի շշով հեղուկ է լցրել եւ աղջիկը ձախ աչքի ակնագնդիկի այրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Մեծամոր քաղաքում էլ 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: Պատանին մեջքի շրջանում առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներով դիմել է հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզել է, տղան պատահական է թեյնիկով եռացրած ջուրը լցրել երիտասարդի մեջքին։ https://news.am/arm/news/526287.html
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է 530 դրամից։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476, եվրոյինը՝ 529, բրիտանական ֆունտինը՝ 587, ռուսական ռուբլունը՝ 7.50 դրամ։
Հայաստանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կբարձրանա 4-5 աստիճանով։ Երեւանում առաջիկա գիշեր սպասվում է +20+22, վաղը ցերեկը՝ +37+38 տաքություն։











