Միջազգային կառույցները Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում Երեւանի վրա ճնշում չեն գործադրում, իսկ Վենետիկի հանձնաժողով դիմելու նպատակը խորհրդակցական կարծիք ստանալն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այն կարող է օգտակար լինել հանրային քննարկման շրջանակում:
«Չենք դիմել սահմանադրականության հարցով: Մեր դիմումը խորհրդակցական կարծիք ստանալու նպատակ ունի, եւ այն կարող է օգտակար լինել հանրային քննարկման շրջանակում: Հանձնաժողովն իր գնահատականը կտա որոշ տերմիններին, պատասխանը կստանանք հոկտեմբերին: Ստամբուլի կոնվենցիան ուղարկվել է Սահմանադրական դատարան»,- ասել է նա:
Խոսելով կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի հարցի մասին՝ նախարարը նշել է, որ նախաձեռնությունը եղել է փաստաբանների պալատի ղեկավարի կողմից, այլ ոչ թե հենց փաստաբանների պալատի կողմից:
«Քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել՝ ինչի տակ են ստորագրում քաղաքացիները: Ինձ հայտնի է դարձել, որ երբ մարդիկ հարցնում են՝ ինչի դեմ են ստորագրում, ստանում են պատասխան, թե դա ուղղված է երկրի իրավական համակարգում մեր ավանդույթներին հակասող երեւույթներ մտցնելու փորձերի դեմ: Մարդիկ, որոնք ստանում են տվյալ բացատրությունը, ստորագրում են»,- նշել է նա:
Բադասյանը հավելել է, որ Բուլղարիայի դեպքում կոնվենցիան հակասել է սահմանադրությանը, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի դեպքում ներքին օրենսդրությունն ավելի պրոգրեսիվ է համարվում, քան առաջարկվում է կոնվենցիայում:
«Եթե կոնվենցիան վավերացվի, ապա ես ուրախ կլինեմ, որ լրագրողները մեկ կամ երկու տարի անց կզանգեն մարդկանց, որոնք կպնդեն, թե կոնվենցիայում կան կետեր միասեռական ամուսնությունների կամ միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրման մասին, եւ կզարմանան՝ ինչու դա տեղի չի ունեցել»,- հայտարարել է նախարարը:
Նկատառմանը, թե «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ դեմ են կոնվենցիային, նախարարը վստահեցրեց, որ պատրաստ է քննադատությանը:
«Դա արհեստական օրակարգ է: Ես տեսնում եմ իշխանություններին տարբեր կողմերից եւ տարբեր ճանապարհներով հարված հասցնելու միտում, եւ դրանց մեծ մասն արհեստական են»,- նշել է նա՝ հավելելով, որ կոնվենցիան բռնության դեմ պայքարը դնում է ինստիտուցիոնալ մակարդակի վրա:











