«Սանիթեք» ընկերությունում ընկերության դեմ հարուցված քրեական գործը համարում են ապօրինի եւ չհիմնավորված: Օգոստոսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանը:

Քրեական գործը հարուցվել է ընթացիկ տարվա փետրվարին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով: Հիշեցնելով նախապատմությունը՝ իրավաբանը նշեց, որ փորձաքար է դարձել հարկային օրենսդրության կիրառումը: Նրա խոսքով՝ երբ 4,5 տարի առաջ ընկերությունը երկրում իր գործունեությունը սկսել է, նրա ղեկավարությանը հավաստիացրել են, որ ընկերության բոլոր իրավունքները անշեղորեն կպահպանվեն, չնայած օրենսդրության հնարավոր փոփոխություններին: Իրավաբանի պարզաբանմամբ՝ նախկինում ընկերության վրա տարածվել է օրենքը, որն ազատել է եկամտահարկից: Այնուհետեւ օրենսդրությունը փոխվել է, 2018 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը: Իրավաբանը պնդում է, որ քանի որ ընկերություններն իրավունք ունեն ընտրելու թե որ օրենքով աշխատեն, «Սանիթեքը» դիմել է իշխանություններին՝ նախկին ռեժիմով աշխատելու խնդրանքով: Իշխանությունները համաձայնվել են: Իշխանափոխությունից հետո ընկերությունը նույն հարցով կրկին դիմել է իշխանություններին եւ կրկին դրական պատասխան ստացել:

Սա, սակայն, ՊԵԿ-ին չի խանգարել քրեական գործ հարուցելու հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու փաստով: Իրավաբանը գործը ավելի մանրամասնորեն չներկայացրեց՝ հայտարարելով, որ դա առայժմ գաղտնի տեղեկություն է, սակայն նշեց, որ գործի մասին ընկերությունում ընդհանրապես տեղեկացել են մայիսի վերջին: Իրավաբանի խոսքով՝ գործի հարուցումն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով:

Ընկերությունն իր կողմից հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ: Միաժամանակ, ընկերությունից հավաստիացնում են, որ ոչ մի կերպ կապված չեն որեւէ քաղաքական ուժի հետ:

Ինչպես պարզվեց, ընկերության տնօրենի հեռակա ռեժիմում մամուլի ասուլիսի անցկացման փաստը նույնպես կապված է քրեական գործի հետ: «Փաստորեն, չնայած առայժմ մեղադրանքներ առաջադրված չեն, գործի սուբյեկտը տնօրենն է: Բացառված չէ, որ գործի շրջանակում կարող են լինել նաեւ այլ ապօրինի գործողություններ, օրինակ՝ խուզարկություններ»,- նշեց իրավաբանը: