Մինչեւ տասնվեց տարեկանների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունը պետք է հետապնդվի օրենքով։ Այս մասին ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումների մասին օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքերով, նախագծով նախատեսվում է, որ 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչություը՝ նյութերի, նկարների, հրապարակումների, մեկնաբանությունների, մասնակցության առաջարկությունների,  նման հարաբերություններին մասնակցության խրախուսման կամ ներգրավման, դրա հանդեպ հետաքրքրություն առաջացնելու, համացանցի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով տարածելու միջոցով, կպատժվի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ նվազագույնը մեկ տարվա ձերբակալությամբ։

«Այն դեպքում, եթե նման հանցագործությունը կատարվի պաշտոնատար անձի, ծնողի, որդեգրողի, խնամակալի, երեխայի այլ օրինական ներկայացուցչի կամ դաստիարակի, կանխամտածված համաձայնության եկած մարդկանց խմբի կողմից, կրթական, սպորտային եւ երիտասարդական հաստատություններում, ինչպես նաեւ առողջարաններում, շահադիտական նպատակներով, ապա այն կպատժվի նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով կամ առավելագույնը երկու տարվա ձերբակալությամբ»,- պարզաբանեց Պետրոսյանը։ Պատգամավորը ելույթ ունեցավ բավական զգացմունքային եւ ամեն կերպ փորձեց համոզել իր գործընկերներին, որ նման երեւույթը պետք է արմատախիլ արվի հայկական հասարակությունում, որը «քրիստոնեական մշակույթի» կրող է, որտեղ նման երեւույթներն անընդունելի են։

Սակայն Պետրոսյանի փաստարկները չհամոզեցին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք խիստ քննադատության ենթարկեցին նրա ներկայացրած օրենսդրական նախագիծը։ Նրանք հիշեցրին Պետրոսյանին, որ Հայաստանում արդեն կա օրենք, որը կարգավորում է նման հարցերը։ «Մենք ունենք օրենք, որը արգելում է սեռական քարոզչության ցանկացած ձեւ այն անձանց, ում 16 տարին չի լրացել։ Ուրեմն մեր ինչին է պետք նաեւ այս օրենքը։ Չէ՞որ մեզ մոտ հստակ նշվում է, որ 16 տարին չլրացած անձանց սեռական բնույթի քարոզչության ցանկացած ձեւ քրեորեն պատժելի է։ Ես, օրինակ, դեմ եմ, որ իմ երեխային քարոզեն ինչպես ավանդական սեռական կապեր, այնպես էլ ոչ ավանդական։ Ինձ համար դա անընդունելի է»,- ընդգծեց «Իմ քայլից» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա նաեւ խիստ քննադատության ենթարկեց այն կետերը, որտեղ նշվում է նման կարգի «արատավոր կապերը» քարոզող նյութերի եւ նկարների արգելման մասին։

Պատգամավորի կարծիքով, նման կարգի քարոզները վերահսկելը եւ կարգավորելը բավական դժվար է եւ կարող է բազմաթիվ տեխնիկական բարդությունների պատճառ դառնալ։ Պետրոսյանին չսատարեց նաեւ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով որպես օրինակ բերեց դպրոցականների այցերը հանրահայտ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարան, որին, նրա խոսքերով, խորհրդային տարիներին մեղադրել են հոմոսեքսուալիզմի մեջ։ Արդյունքում «պայքարի» ելքը կանխորոշված էր։ Պետաիրավական հանձնաժողովը այս նախագծին բացասական եզրակացություն տվեց։