Այս տարի ԱԻՆ աշխատողի օրը նշում ենք առանձնահատուկ պայմաններում, մենք բոլորս ականատես եղանք փրկարարների, հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքին, որոնք նրանք իրականացրին եւ շարունակում են իրականացնել ՀՀ ողջ տարածքով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջները իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին ակնգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ:
Ուզում եմ հույս ու համոզվածություն հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքում կլինեք նույնքան նվիրված»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, նոր պայմաններում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում. «Կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, դրանք արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշդրության կենտրոնում:
Կառավարությունն առաձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների պաշտպանվածության եւ երաշխիքների խնդրին: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին:
Որքան էլ արձանագրենք, որ կլիմայական փոփոխությունները, արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միաժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են մարտահրավերներ բացառապես մարդկային գործոնի բերումով: Այս առումով ԱԻՆ-ի փրկարար ծառայության կարեւոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցել ու գնահատել, թե իր, առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքը իօնչպիսի ծանր հետեւանքներ կարող է ունենալ»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ կանխարգելումն ավելի պակաս ծախսատար է, ավելի արդյունավետ է:
«Մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են լինում, որտեղ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը: Շատ կարեւոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարարների վարկանիշը, վստահության աստիճանը հանրության շրջանում գնալով անընդհատ մեծացել է: Սա կարծում եմ՝ ձեր կատարած աշխատանքի ամենակարեւոր գնահատականն է»,-ասաց Փաշինյանը:











