Ես երբեք որեւէ մեկից հանձնարարականներ չեմ ստացել, իմ պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հանձնարարականներ ստանալուն:
Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ սպայի արժանապատվությանը հակասող հանձնարարականներ են եղել, ընդհանրապես նրա հայտարարությունները հասկանալի՞ են իր համար, գլխավոր դատախազը բացասական պատասխան տվեց. «Իհարկե ոչ»:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը՝ թե պատերի տակ վնգստացող դատավորներ կան, որոնք սպասում են հրահանգների, Արթուր Դավթյանն ասաց. «Իմ պաշտոնը թույլ չի տալիս այդ հարցին աանդրադառնալ կամ մեկնաբանել: Մենք հաստատում ենք մեղադրական եզրակացություններ եւ ուղարկում դատարան: Ունենում ենք դատավորներ, որոնք մեր կարծիքով կայացնում են հիմնավոր, օրինական դատական ակտեր, կան դատավորներ, որոնք մեր կարծիքով, կայացնում են անհիմն, անօրինական դատական ակտեր, մենք բողոքարկում ենք այդ դատական ակտերը: Կան դատավորներ, որոնք գործի քննության ընթացքում ակտ կայացնելիս թույլ են տալիս օրենքի էական խախտում, որի հիման վրա մենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներ ենք նախաձեռնում, կան դատավորներ, որ հանցավոր արարք են դրսեւորում, մենք այդ փաստերով հարուցում ենք քրեական գործեր»:











