Լարվածության նոր ալիք Սահմանադրական դատարանի շուրջ։ Հրայր Թովմասյանն առավոտյան հյուրեր կունենա Հատուկ քննչական ծառայությունից։ Նոր մեղադրանք՝ Թովմասյանի սանիկին։ Նարեկ Փանոսյանին Վերաքննիչը կալանքից ազատել էր նոյեմբերի 6-ին։ Քաղաքական ու հանրային գործիչների,  քաղաքագետների ու իրավաբանների արձագանքը՝ ՀՀ նախագահի կողմից ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի վավերացմանը։

«Սահմանադրության երաշխավորը լինելու իր ճակատագրական առաքելությունը Նախագահ Սարգսյան տապալել է». Ս.Դանիելյան

«Ավելի հարմար է Սանտա Կլաուսի իր դերին համահունչ Նիկոլին ու իշխանություններին ամանորյա նվեր մատուցելը». Արփինե Հովհաննիսյան

«Խիստ հիասթափված եմ՝ տեսնելով, որ նախագահը ստորագրել է այդ վիճահարույց օրենքը». Ավետիք Չալաբյան

«Գրանցվեց ՀՀ նախագահի ինստիտուտի ֆիզիկական մահը». Նարեկ Սամսոնյան

Բողոքի ցույց, փողոցի փակում, վարչապետի հետ հանդիպում։ Սպանված զինվորի հարազատները դժգոհ են նախաքննության ընթացքից։

«Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաեւ «Հոկտեմբերի 27»-ինը. Անդրանիկ Քոչարյան. կարեւոր ցուցմունքներ տվող վկաներ կան։ Ռուսաստանի նախագահը գալիք տոների առիթով շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահին։ Պուտինը տոկունություն է մաղթել Քոչարյանին։

Վաղն առավոտյան՝ ժամը 10-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչներն այցելելու են Սահմանադրական Դատարան՝ Հրայր Թովմասյանին հարցաքննելու նպատակով, NEWS.am-ին հայտնել է  Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական Դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը ստորագրելուց հետո ՍԴ շուրջ լարվածությունը նոր զարգացումներ ստացավ։ ել Հատուկ քննչական ծառայության քննիչներն այսօր արդեն եղել են Սահմանադրական դատարանում, սակայն նրանց գործողությունների մանրամասները հայտնի չեն։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին, նոր մեղադրանք է առաջադրվել։ ՀՔԾ-ից հայտնել են, որ ծառայությունում քննվող քրեական գործով Նարեկ Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 6-ին Փանոսյանին կալանքից ազատ էր արձակել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Սահմանադրության երաշխավորը լինելու իր ճակատագրական առաքելությունը Նախագահ Արմեն Սարգսյան տապալել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Ըստ նրա՝ նախագահը դարձել է Սահմանադրության չերաշխավորը։ «Այն հիմնավոր կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։ Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնք կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ դառնալով բյուջեի հաշվին գոյատևող մակաբույծներ, դառնալու են անձեռնսեղմելի մարդիկ»,- գրել  է նա։

Փաստորեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը, ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «Ավելի հարմար է վարչապետին կից նախագահի գրասենյակի ղեկավար աշխատելը, Սանտա Կլաուսի իր դերին համահունչ Նիկոլին ու իշխանություններին ամանորյա նվեր մատուցելը», նշել է Արփինե Հովհաննիսյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Ավետիք Չալաբյանը համոզված է, որ Սահմանադրական դատարանի դատավորները չեն համաձայնի գնալ վաղ կենսաթոշակի։ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի օրենքը նա համարում է պաշտոնական կաշառքի առաջարկ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նախագահական նստավայրի դիմաց ակցիա է իրականացրել՝ իր բողոքը հայտնելով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը ստորագրելու նախագահի որոշման դեմ։ Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող տուրիստը՝ նույն ինքը Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորների մասին օրենքը»,-նշել է նա։

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները փակել են Տիգրան Մեծ պողոտան։ Նրանք պահանջել են հանդիպում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց խոսքով՝ մահացած զինվորին սպանել են, սակայն օբյեկտիվ քննություն չի տարվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվել է հանդիպել Արթուր Աջամյանի հարազատների հետ, սակայն տեղեկանալով բողոքի ձեւի մասին, վերադարձել է իր աշխատասենյակ, զոհված զինվորի հարազատներին է փոխանցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Ավելի ուշ, սակայն, վարչապետն ընդունել է Արթուր Աջամյանի հարազատներին։

Նրանք պահանջել են արդար եւ օբյեկտիվ քննություն։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է անձամբ հետեւել քննության ընթացքին։

«Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը,  հայտարարել է Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ նրա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը փորձում մինչեւ վերջ պնդել իր դիրքորոշումը, ձգձգել գործընթացը, որպեսզի գործը մնա օդից կախված վիճակում: Իսկ «Հոկտեմբերի 27»-ի գործով կան մարդիկ, որոնք շատ կարեւոր ցուցմունքներ են տալիս:

Գալիք տոների կապակցությամբ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշել է Դաշնության նախագահը։ Շնորհավորելով նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինը մաղթել է ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն։

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողներին փոխանցել է Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Դատարանը նաեւ մերժել է Թավադյանի ձերբակալման իրավաչափության մասին բողոքը։ Դատարանի որոշումը բողոքարկվելու է։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կտրականապես դեմ է 10 մլն դրամի դիմաց բանակից ազատվելուն: Ըստ նրա՝ անկախ գումարի չափից, խախտվում է հավասարության սկզբունքը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով եւ կազմել 479.27 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել  531.61 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.44 դրամով ու հասել  622.14 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել է 7.76 դրամ։

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռներում՝ ձյան տեսքով: Ցերկային ժամերին օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10: