Ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ինքն ասել է՝ հեղաշրջման փորձ է եղել, վարչապետը որոշ չափով հերքել է իր խոսքերն՝ ասելով, թե հիբրիդային պատերազմի տարրեր են եղել:
«Հետ ենք գալիս նույն թեմային, բայց ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, այն վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, խոսել է երկրի նկատմամբ դավաճանության մասին, ինքը եւս կարծում է, որ նա դավաճանե՞լ է հայրենիքին, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Դեռեւս ծանոթ չեմ այդ հայտարարությանը, երբ ծանոթանամ, եթե հնարավորություն լինի, կբացատրեմ»:
Հարցին՝ Վանեցյանի գործունեության հետ կապված կասկածներ եղե՞լ են, դրա՞ համար նա պաշտոնից հեռացվեց, Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցին վարչապետն իր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է, թե ընդհանուր կոնտեքստում ինչ խնդիրներ կան, և կարծում եմ՝ արդեն թեման փակված է, և սպասենք՝ եթե նոր զարգացումներ լինեն, բացատրություն էլ կտրվի»:











