Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վաղը դատական նիստին ներկայանալու են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Այն հարցին, թե նիստերը բոյկոտելու մասին փաստաբանների միջեւ պայմանավորվածություն չկա՞, Խուդոյանը բացասական բատասխան տվեց: «Մենք ավելի վաղ դատարանի պահվածքի մասին մեր կարծիքը հայտնել ենք»,- արձանագրեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ խոսքը նախորդ նիստերից մեկի ժամանակ տուժող կողմի հնչեցրած սպառնալիքի եւ դրան դատավոր Աննա Դանիբեկյանի արձագանքի մասին է:

«Խնդիրը կապված չէ այդ մարդու հետ: Մենք ընդամենը ցանկանում ենք, որ դատարանը պատշաճ կերպով արձագանքի: Նման գործողություններ թույլ չտա, եւ պատշաճ կերպով արձագանքի: Մեր խնդիրը դատավորի հետ է, որն իր գործառույթները հավուր պատշաճի չի կատարում»,- նշեց փաստաբանը՝ հայտնելով, որ իրավական գործընթացը սկսվել է, եւ վաղը հարցը քննարկվելու է: