Հաշվի առնելով վերջին իրողությունները, օրինակ՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի եւ այլ անձանց բերման ենթարկվելը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին կարող են բերման ենթարկած լինել թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով։ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հեգնանքով այսպես պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչու է ոստիկանությունն այսօր բերման ենթարկել ՀՖՖ նախկին նախագահին։
Նա հայտնեց, որ արդեն 15 րոպե է՝ իրեն չի հաջողվում Ոստիկանության շենք մտնել՝ Հայրապետյանին իրավաբանական օգնություն ցույց տալու համար․
«Այս պահին պատճառաբանում են, որ պետը տեղում չի։ Անհասկանալի գործընթացներ են իրականացվում։ Բերման ենթարկելուց հետո մինչեւ 3 ժամ կարող մնալ անձը տվյալ մարմնում, հակառակ պայմաններում՝ պետք է կամ ազատ արձակվի անձը կամ ձերբակալման մասին արձանագրություն կազմվի»։
Մակինյանն ասաց, որ իրեն անձամբ Հայրապետյանն է զանգահարել եւ հայտնել՝ իրեն բերման ենթարկելու մասին․ «Պարոն Հայրապետյանն ինձ չկարողացավ պատճառաբանել, քանի որ իրեն էլ չէին պատճառաբանել, թե ինչու է բերման ենթարկվել։ Բերման ենթարկելու գործողությանը, ինչպես վերջին ժամանակներում, մասնակցել են դիմակավորված հատուկ ջոկատայիններ»։











