Եթե Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի ունենար, ես շտապողականության հետ կապված հարց ունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախաձեռնության մասին։
«Ոչ մի բան չքննարկեցինք, որովհետեւ նիստը հետաձգվեց վաղը, «ԱԺ կանոնակարգ» օրենքով, երբ համապատասխան թվով ստորագրություններ են հավաքվում, ԱԺ խորհուրդը պետք է նիստ գումարի, նիստում քննարկի եւ հաստատի, որից հետո արտահերթ նիստ է տեղի ունենում, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունից եղավ միջնորդություն՝ այսօր հետաձգել եւ վաղը քննարկել, բոլորս համաձայնեցինք։ Նախագծի հեղինակը խնդրել էր՝ եթե հնարավոր է, վաղը նիստը գումարվի, մենք էլ չառարկեցինք։ Եթե վաղը հաստատվի, փետրվարի 6-ին կլինի արտահերթ նիստ, հրապարակված օրակարգով»,-նշեց նա։
Մարուքյանը ասաց՝ մտահոգություններ ունեն, որոնք այս ընթացքում ավելի են խորացել․ «Մենք արդեն դիրքորոշում արտահայտել ենք, որ մտահոգություններ ունենք կապված իրավունքի գերակայության սկզբուքները պահպանելու հետ եւ նաեւ նախագիծն առերեւույթ հակասահմանադրական նորմեր է պարունակում իր մեջ։ Եղածը ուսումնասիրելով դեմ ենք, բայց նաեւ պատրաստ ենք լսել հեղինակին։ Ես շտապողականության հետ կապված հարց ունեի, եթե խորհրդի նիստը տեղի ունենար, բայց այդ հարցերը քննարկվելու են։ Իմ մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլ նաեւ ավելի են խորացել։ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը այս նախագծերի շրջանառությունից հետո չեմ բացառում, որ շարունակություն կունենա սրան ընդունելուց հետո»։











