«Լուսավոր Հայաստանը» Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության մեջ շարունակում է տեսնել հակասահմանդրական տարրեր: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնելու մասին: Արտահերթ նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումը, որն ուղղված է սահմանադրական բարեփոխումներին Սահմանադրական դատարանի մասնակցության չեզոքացմանը: Ազգային ժողովի նախագահը որոշում էր ընդունել անհետաձգելի քննարկման ներկայացված օրինագիծը քննարկել միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, մինչդեռ դրա իրավունքը չուներ:

Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ օրինագծի քննարկման համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցությունների հիմնավորված գրավոր առաջարկը, որը պետք է հաստատվի խորհրդարանի Խորհրդի նիստում, ինչը չի արվել: Բարձրացած աղմուկից հետո Միրզոյանը սեփական որոշումը չեղարկել էր: