Եթե ապացուցվի, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեության ժամանակ ՀՖՖ-ում չարաշահումներ են եղել, ապա Հայրապետյանն այդ պարզված չարաշահումների եռակին կփոխահատուցի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը։

«Ինձ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու»,- ասաց Հայրապետյանը։

Տարածվող լուրերի համաձայն, թե ֆուտբոլային խաղերը վաճառվել են, Հայրապետյանն ասաց․ «Ես չկամ այդտեղ․ վաճառված խաղը էդ 9։1 անողներից հարցրեք, այ էդ փոքրիկներից»։

Դիտարկմանը, որ դա եղել է ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի գործունության ընթացքում, Հայրապետյանն ասաց․ «Արթուր Վանեցյանն ի՞նչ կապ ուներ դրա հետ, գնացեք փոքրիկներին հարցրեք։ Արթուր Վանեցյանն այդ ժամանակ էնպիսի իրավիճակում էր, որ ֆուտբոլով չէր էլ զբաղվում»։

Հարցին՝ արդյոք ինքը դժգո՞հ էր Վանեցյանի աշխատանքից, Հայրապետյանն ասաց, որ ինքը դժգոհելու պատճառ չունի․ «Թող դժգոհ լինեն այն մարդիկ, ովքեր ուզեցել են, որ ինքը դառնա Ֆեդերացիայի նախագահ, ե՞ս եմ ուզել, որ ինքը դառնա Ֆեդերացիայի նախագահ, որ հիմա էլ դժգոհեմ»։

Հարցին՝ ինչու ինքը չմասնակցեց ՀՖՖ նախագահի ընտրություններին, Հայրապետյանն ասաց․ «Ճիշտն ասած, ես դեռ վաղուց էի նման որոշում կայացրել, որ այլեւս Ֆեդերացիայի նախագահ չեմ լինելու»։