ԱԺ վերջին ընտրություններից հետո մենք մի քանի անգամ կոչերով հանդես եկանք, որ չի կարելի միայն Մանվել Գրիգորյանին եւ Ռոբերտ Քոչարյանին դատել, կան նաեւ այլ օլիգարխների, որոնք ինչ-որ պահի վարչապետի թեթեւ ձեռքով գործարարների են վերածվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Մենք կոչ էինք անում, ու գուցե նրանց էլ գնանք հետազոտենք, տեսնենք ինչ խնդիրներ կան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանից տարբերվում է այս հարցում, որովհետեւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ բոլորը օլիգարխ են, բոլորը թալանել են, կերել են, սպանել են, կարծես թե վարչապետը այնքան էլ այդտեղ հանցակազմ չի տեսնում: Կամ իրավապահ մարմինները դեռ չգիտեն, թե ինչպես պետք է աշխատել, կամ դեռեւս շարունակում են փոխկապակացված մնալ նախկին օլիգարխների հետ: Մեկ տարի հետո գնալ այդ տանը խուզարկություն անել… կներեք, եթե այդ տանը լիներ 10 դի եւ մեկ բեռնատար թմրանյութ, այդ ամենը կհասցնեին վերացնել: Ես կարծում եմ, որ այդ ամենը ավելի շատ շոու է, քան իրական հետաքննություն»,-ընդգծեց Գորգիսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այսօր՝ ոստիկանությունը բավարար չի գործում. «Մենք ունենք նույն մարդիկ, նույն համակարգը, գրեթե նույն օրենսդրությունը: Հիմա ոստիկանները փորձում են գործել օրենքի շրջանակներում, բայց հիմա ունենք խնդիր, որ ոստիկաններն իրենց պաշտպանված չեն զգում: Դա խնդիր է դառնում հենց ոստիկանների համար: Երբ մենք 1,5 տարի ասում ենք, որ հատկապես այդ ոլորտներում բարեփոխումներ են պետք, խոսքը նաեւ դրա մասին է»,-ասաց Գորգիսյանը: Նա օրինակ բերեց Վրաստանը, որտեղ ըստ նրա, ոստիկանական համակարգի բարեփոխումը արվեց անմիջապես եւ համարվում է բարեփոխումների լավագույն փորձերից մեկը:

«Լավ արդյունք ստանալու համար առնվազն պետք է գործիքակազմն ու գործող անձինք փոխվեն: Դա դեռ չի արվել, բայց ես հույս ունեմ, որ ինչ-որ պահի մենք կգնանք դրան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե այսօր ոստիկանները կաշկանդված են, Գորգիսյանն արձագանքեց. ««Մենք առաջ ունեինք ոստիկանական սանձարձակություն, եւ եթե  դրան գալիս է փոխարինելու ոստիկանության լիազորությունների կտրուկ սահմանափակումը, մենք կարող ենք ունենալ հանցագործության սանձարձակություն: Հետեւաբար, պետք է ճիշտ բալանսը գտնենք: Իհարկե, մենք ամեն ինչ պետք է անենք օրենքով, բայց այդ օրենքը պետք է լինի բավարար խիստ, որ ոստիկանները կարողանան իրենց գործը պատշաճ կատարել»: