Եթե Ղարաբաղի նախագահ դառնա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները հնազանդորեն կատարող մարդ, դա լուրջ սպառնալիքներ կստեղծի, իսկ Ղարաբաղում ճնշումը բազմակի ուժեղ կլինի, քան հիմա Հայաստանում է: Փետրվարի 5-ին «Ղարաբաղը՝ փոփոխությունների շեմին: Արտաքին եւ ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Նա չբացառեց, որ այդպիսի նախագահը կվարի բանակցային գործընթացից Ստեփանակերտի մեկուսացման քաղաքականություն:

«Չի կարելի բացառել նաեւ Ղարաբաղի նախագահի եւ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի միջեւ ուղիղ պաշտոնական շփումների հաստատման փորձերը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր գիտակցաբար վարում են ղարաբաղյան հասարակության պառակտման քաղաքականություն, եւ սա խոսում է այն մասին, որ սպառնալիքները շատ ավելի լուրջ են, քան նույնիսկ պատերազմի ժամանակ էր:

«Փաշինյանի վարկածն այն մասին, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար՝ հարվածում է Ղարաբաղի ինքնորոշման ընկալմանը, քանի որ այն պետք է ընդունելի լինի միայն Ղարաբաղի քաղաքացիների համար»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ հայկական կողմը վկայակոչում է 1992 թվականի փաստաթուղթը, որտեղ նշված է Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասին, այլ ոչ թե 1994 թվականի փաստաթուղթը, որտեղ նշված են բանակցությունների 3 սուբյեկտները՝ Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ:

«Չեմ կարծում, թե սա պատահական է արվում: Պատահական չէ նաեւ Փաշինյանի արտահայտությունը, որ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումներն ամբողջությամբ նույնական են, ինչը գործնականում անհնար է: Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը փորձում է ձեւավորել, այսպես կոչված, հանրային պահանջ այն բանի վերաբերյալ, ինչի շուրջ ինքը բանակցություններ է վարում: Դրա համար է Փաշինյանը գնում Ղարաբաղի քաղաքական դաշտի օկուպացիայի»,- պարզաբանեց նա:

ԱԱԾ նախկին տնօրենը հավելեց, որ բանակցային գործընթացը զգալիորեն ակտիվացել է՝ կապված տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների հետ:

«Եվս մեկ գործոն է Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկմամբ Արեւմուտքի մտահոգությունը»,- ամփոփեց Դավիթ Շահնազարյանը: