Չի կարելի նման կարեւոր նախաձեռնությունները այդպես հրատապ ռեժիմով բերել խորհրդարան. դրանք առնվազն պետք է ուղարկվեին Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմուկ հանած նախաձեռնությանը, որը թույլ կտա սահմանադրական փոփոխություններ անել՝ առանց դա ՍԴ կարծիքի ուղարկելու:
«Չի կարելի սահմանափակել ՍԴ-ի եւ ՀՀ նախագահի լիազորությունները՝ դրանք փոխանցելով ԱԺ-ին եւ ԱԺ նախագահին՝ հատկապես այն պայմաններում, երբ մենք խորհրդարանում ունենք միակուսակցական մեծամասնություն, որն ունի 2/3 ձայներ:
Բոլոր այն մոդելները, որոնք հիմա առաջարկվում են, փաստացի տանում են կուսակցական դիկտատուրա ձեւավորելուն: Սա կարող է լինել այդ պրոցեսի սկիզբը: Սա չի կարող ողջունվել մեր կողմից»,-ասաց Գորգիսյանը:
Նա հայտարարեց, որ այդ նախագիծը ժամանակավրեպ ու անիմաստ է. «Չէր կարելի նման կարեւոր հարցերին անդրադառնալ ձեռքի հետ, ոտքի վրա՝ թքել-կպցնելու մոդելով: Այս նախագծով փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների գործընթացից հանել ՍԴ-ին, բայց ՍԴ-ն ինստիտուտ է, չի կարելի անձերով պայմանավորել ամեն ինչ: Օրենքները չեն կարող անձերով պայմանավորված լինել»:
Գորգիսյանը նկատեց, որ «Իմ քայլը» ունի բավարար թվով ձայներ եւ կարող է անցկացնել այդ օրինագծերի փաթեթը, բայց այստեղ չի կարելի թերագնահատել ընդդիմության դերը. «Մենք կփորձենք առնվազն հանրությանը ցույց տալ, թե ինչքան անիմաստ է այդ նախագիծը, ինչքան խնդիրներ կարող է այն առաջացնել, եւ ինչ խդնիրների առջեւ կարող է կանգնել մեր երկիրը: Ես կարծում եմ, որ այս ամենը չի կարող անհետեռւանք մնալ իշխող թիմի համար»,-ընդգծեց նա:











