Մենք ունենք դատական համակարգի խնդիր, ունենք դատավորների թափուր տեղեր, որովհետեւ մարդիկ չեն ուզում աշխատել այդտեղ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Մենք ունենք գործեր, որոնք տարիներով սպասում են, որովհետեւ գերբեռնվածության խնդիր կա: Այդ ամենի հետ քաղաքացիներն առնչվում են ամեն օր, իսկ ահա ՍԴ-ի հետ մեկ տարում առնչվել է, եթե չեմ սխալվում, 10 քաղաքացի:
Ու այս գլոբալ խնդիրը թողած, իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է մեկ անձի դեմ պայքարի վրա: Կարող են տարբեր տեքստեր արտասանել, բայց ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամենն արվում է Հրայր Թովմասյանի դեմ: Որեւէ իրավական հիմնավորում այստեղ չկա»,-հայտարարեց նա:
Գորգիսյանը նկատեց, որ իշխանության քայլերն ուղղված են մեկ մարդու դեմ եւ իրենք այդ մեկ մարդուն դարձրել են հերոս. «Հրայր Թովմասյանը բնավ իմ ընկերն ու մտերիմը չէ, քավոր-սանիկական հարաբերություններ էլ չունենք, ժամանակին նրա ընտրվելու ժամանակ դեմ ենք քվեարկել, նշել ենք, որ նա չի կարողանա դրսեւորել քաղաքական չեզոքություն, բայց հարցերը լուծելու համար կան իրավական ճանապարհներ:
Իսկ հիմա իշխանությունը զբաղված է Հրայր Թովմասյանի հերոսացմամբ: Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երբեւէ որեւէ համակրանք չեն ունեցել Հրայր Թովմասյանի նկատմամբ, հիմա պաշտում են Հրայր Թովմասյանին, որովհետեւ իշխանությունը նրանից դարձրել է հերոս»:











