Այս Սահմանադրական դատարանը կազմավորված չէ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի համաձայն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում ասաց Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցադրմանը նախագծի մասին։
«Այսինքն մենք չունենք 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ՍԴ: Եվ եթե իրավիճակը մնա այսպիսին, մենք այդպիսի ՍԴ առաջիկա 15 տարիներին չենք ունենալու։ Սա է խնդիրը, հիմնական առանցքը սա է»,-նշեց Հովակիմյանը։
Պետրոսյանն ասաց, որ իր հարցերին Հովկիմյանը չպատասխանեց, բայց իր մոտ մեկ այլ հարց է առաջացել․ «2015-ին դուք եղել եք լրագրող, եթե դուք այդ ամենը ընկալում եք այնպես, ինչպես նախկինում եք ընկալել, որպես լրագրող որեւէ հրապարակմամբ այդ ժամանակ անդրադարձե՞լ եք ՍԴ կազմավորմանը»։
Հովակիմյանն ասաց, որ 2015-ին այլեւս լրագրող չէր․
«2015-ին ես այլեւս լրագրող չէի, «ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիրն էի: Դուք պետք է թերթեք «Ժողովուրդ» օրաթերթի 2015-ի համարները եւ հաստատ այնտեղ բազմաթիվ հրապարակումներ կգտնեք, բազմաթիվ խմբագրականներ կգտնեք այդ թեմայով, թե ինչպես են մարդիկ Սահմանադրությունն իրենց հագով ձեւում»:











