Երբ սահմանադրական փոփոխությունների նախագծում նշում եք, թե իրավական հանրույթում վեճ կա Սահմանադրական դատարանի դատավորների հարցում, որ հանրույթին նկատի ունեք։ Այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական փոփոխություն կատարելու հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստին այսպիսի հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով զեկուցող Վահագն Հովակիմյանին։

«Իրավական հանրույթի՝ մեր ու ձեր տեսադաշտի տիրույթը տարբեր է: Հաստատ կարող եմ վստահեցնել, որ իրավական հանրույթի այն շրջանակը, որն ինձ է ծանոթ՝ այդ խնդիրը բուռն քննարկում են: Ես չեմ բացառում, որ ձեր շփման տեսադաշտի իրավական հանրույթն այլ բան է կարծում: Կախված թե Ձեր քարանձավից ոնց եք տեսնում աշխարհը, մեր տեսադաշտից աշխարհն այդպես չի երևում, ամեն մարդ իր քարանձավից յուրովի է տեսնում՝ փոխաբերական ընկալեք»,-նշեց նա։

Սամսոնյանն ասաց, որ ուզում է Հովակիմյանը թվարկի իրավական հանրույթի մասնագետներին․ «Սա այն հարց չէ, որ մենք հարցնենք, թե ով է ուզում փոխել ՍԴ-ն և Դուք ասեք ժողովուրդը՝ մենք չիմանանք, թե այդ ժողովուրդը Վահագն Հովակիմյանն  է, թե Պողոս Պողոսյանը: Երբ ասում ենք իրավական հանրույթ, նկատի ունենք  մարդիկ, մասնագետներ, իրավագետներ, որոնք ունեն բարձր կարծիք։ Ես ուզում եմ թվարկեք այդ մարդկանց։ Հակառակ դեպքում այս հիմնավորման մեջ նշված իրավական հանրույթը միայն ձեր քարանձավի մարդիկ են, որոնք բերել են հակասահմանադրական նախագիծ և պարտադրում են ոչ միայն ԱԺ-ին, այլ ժողովրդին: Թվեք, անուններ տվեք, ովքեր են այդ հանրույթի մարդիկ, եթե անգամ նրանք Ձեր քարանձավի մարդիկ են»:

Վահագն Հովակիմյանն ի պատասխան ասաց․ «Եթե սկսեմ թվարկել, կարող եմ ընթացքում որևէ իրավաբանի մոռացության մատնել և դրանով վիրավորել որոշ մարդկանց, կարող եք սանրել լրատվական դաշտը և կգտնեք, իսկ եթե իմ օգնության կարիքը կա, կարող եմ նստել, երբ համոզվեմ ցանկն ամբողջական է, կտրամադրի»: