Սահմանադրության 2–րդ հոդվածի ուժով մենք այս փոփոխությունը պատրաստվում ենք դնել համաժողովրդական հանրաքվեի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, Սահմանադրական փոփոխություն կատարելու հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստին պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ «չեք կարծո՞ւմ, որ պետական շահը ստորադասում եք քաղաքական շահին»  հարցին ի պատասխան ասաց Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով զեկուցող Վահագն Հովակիմյանը։

Մելքումյանի խոսքով՝ կան պետական ինստիտուտներ, դրանք գործում են, եւ չի կարելի դրանք նսեմացնել. «Չի կարելի պետական ինստիտուտը նսեմացնել այն դեպքում, երբ ունեք գործադիր իշխանության, ուժային կառույցների, խորհրդարանի հսկայական մեծամասնություն։ Այս զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները ո՞նց եք տեսնում այս ռեժիմով»։

Հովակիմյանը նշեց, որ իրենց գործողությունները բխում են պետական շահից։

«Պետական շահն է պարտադրում, որպեսզի ՀՀ–ն ունենա 2015 թվականի 7–րդ գլխին համահունչ Սահմանադրական դատարան։ Պետական շահն է պարտադրում, որպեսզի ՀՀ ժողովուրդն ունենա այնպիսի ՍԴ, որի որոշումները կասկածի տակ չի դնի, ամեն անգամ չի մտածի՝ տեսնես այս անգամ ի՞նչ ինտրիգ են հյուսել, ում համար են արել, իրենց ընկերների համար են որոշում կայացրել, թե իրենց քաղաքական թիմի համար են որոշում կայացրել։ 7–րդ գլխին համապատասխան ՍԴ ունենալը հենց պետական շահից է բխում։ Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, Աժ կանոնակարգը ՍԴ դիմելու համար նախատեսում է 2–րդ ընթերցման գործընթաց, այսինքն՝ առաջին ընթերցումից հետո, թե ինչ է տեղի ունենում առաջին ընթերցման ժամանակ նման ընթացակարգ, այսինքն ՍԴ դիմել, նման ընթացակարգ Աժ օրակարգը չի նախատեսում։ Փոխարենը 202 հոդվածը ԱԺ–ում լիազորություն է տալիս սահմանադրական փոփոխությունների չընդունվելու դեպքում 3/5–րդով որոշում կայացնել եւ դնել հանրաքվեի։ Սահմանադրության 2–րդ հոդվածի ուժով մենք այս փոփոխությունը պատրաստվում ենք դնել համաժողովրդական հանրաքվեի»,– ասաց Հովակիմյանը։