Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը կշարունակվի փետրվարի 11-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։
«Պաշտպանության կողմը ներկայացրեց բողոքն ու իր դիրքորոշումները, հանդես եկավ նաեւ մեր պաշտպանյալը։ Հաջորդ նիստին կշարունակենք քննիչի ու դատախազին լսելով»,- ասաց պաշտպանը։
Աթանեսյանը կրկին հաստատեց, որ Փանոսյանի կալանավորումն ակնհայտ անհիմն է․ «Նորայրը կալանավորված է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի սանիկն ու ընկերն է։ Հանցագործության նշույլ այնտեղ չկա։ Նոտարական գրասենյակ գողանալու հիմար միտքը չգիտեմ՝ ով է մատուցել երկրի ղեկավարությանը, իրենք էլ տարածում են։ Մեր պաշտպանյալի արարքում նման բան չկա եւ չի կարող լինել։ Նա տուժում է, որ մեկի ընկերն է․ դա խայտառակություն է, ստանիլիզմ է։ Այդ գրասենյակները եղել են պետական, փոխանցվել են Երեւանի քաղաքապետարանին, որ աճուրդով վաճառեն, վերջ։ Ոչ մեկ ոչ մեկից չի գողացել, ՍԴ նախագահին հանելու համար՝ ցավեցնում են իր հարազատներին եւ ընկերներին»։
Տիգրան Աթանեսյանը բացառեց այն, թե Նորայր Փանոսյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացին կամ խուսափել նախաքննությունից․ «Նորայրը դուրսն է եղել, երբ գործը հարուցել են, նա իմացել, վերադարձել ու կալանավորվել է»։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։











