Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքում տղամարդը դանակով վիրավորել է զբոսաշրջիկին, որից հետո սպանվել ոստիկանների կողմից: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

25-ամյա կասկածյալը սպանվել է Մերի սթրիթում՝ Ուեսթին հյուրանոցի հարեւանությամբ:

Նախ տղամարդը դանակով գլխի հատվածում վիրավորել է զբոսաշրջիկին, որից հետո փորձել հարձակվել ոստիկանների վրա, որոնք այնուհետեւ սպանել են նրան: Կասկածյալը տեղում մահացել է: Դեպքի վկաները պատմել են, որ հարձակվողի ուղղությամբ կրակել են յոթ անգամ:

Համացանցում տարածվել են կադրեր, որոնք արվել են դեպքից անմիջապես հետո. տեսանյութում ոստիկանները կանգնած են կասկածյալի անշունչ մարմնի մոտ:

Հայտնի է, որ ոստիկաններին նա ծանոթ էր, սակայն կասկածյալի անունը առայժմ չի նշվում: Ենթադրվում է, որ դեպքը չի ունեցել նախապատմություն եւ կրել է տարերային բնույթ: