Չորեքշաբթի երեկոյից կորոնավիրուս անունով վարակը նորից դարձավ հայ հանրության առաջնահերթ մտահոգությունը, երբ ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել։ Արդեն այսօր երեկոյան Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ևս երկու դեպքի մասին։ Այսպիսով՝ հայաստանում վարակվածների թիվը այս պահին 6 է։
Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակով պայմանավորված վաղվանից ընդհատում է արձակուրդը, նաև նշեց, որ վաղը չեն աշխատի կրթական հաստատությունները։ Նախօրեին հաստատված դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է։ Այսօր հաստատված երկու դեպքերը նրա հարազատներն են, որոնք առավոտից եղել են կարանտինի մեջ։ Հիվանդներից մեկը Իտալիայի քաղաքացի է։ Նախօրեին հայտնաբերված բոլոր երեք դեպքերում՝ քաղաքացիները եկել էին Իտալիայից։
Այսօր լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը չի բացառել, որ սահմանափակումներ կմտցվեն հասարակական միջոցառումների անցկացման համար, իսկ դասերը կրկին կչեղարկվեն: Նրա խոսքով՝ կառավարության համար ամենակարեւորը հասարակության առողջությունն է, հետեւաբար քաղաքական որեւէ հարց չի կասեցնի այդ սահմանափակումները մտցնելու մասին որոշման ընդունումը:
Բոլորը վարակվածները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերվել և մեկուսացվել է։ Ընդհանուր մեկուսացվածների թիվն այս պահին 88 է։
Վաղարշապատի բնակիչը, որի մոտ նախօրեին հաստատվել է կորոնավիրուս, մարտի 8-ին ներկա է եղել որդու նշանադրությանը, NEWS.am-ին պատմել է խնջույքի մասնակիցներից մեկը։ Նա հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մեկուսացված են, ցուցում են ստացել տնից դուրս չգալ։
Ադրբեջանում, Իռլանդիայում, Հունաստանում, Ալժիրում եւ Ավստրիայում գրանցվել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը: Վիեննայում մահացածը ժամանել էր Իտալիայից: Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 302 դեպք: Մինչեւ ապրիլ զանգվածային միջոցառումների չեղարկվել են, դասերը՝ դադարեցվել:
Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Իրանում վարակվածների թիվն անցնում է 10 հազարից, 429 մարդ մահացել է:
Չինաստանում ապաքինվել է վարակվածների 77,7%-ը: Այս պահին կորոնավիրուսից մահացության մակարդակը կազմում է 3,9%: Վերջին տվյալով՝ Չինաստանում վարակակիրների թիվը հասնում է 81 հազարի, 63 հազարն ապաքինվել է:
Իտալիայի վարչապետ Կոնտեն հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր միջոցների մասին: Մարզական եւ այլ զանգվածային միջոցառումների արգելքից հետո դադարեցվել է նաեւ ցանկացած առեւտրային գործունեություն՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության իրերի խանութներից եւ դեղատներից:
Կորոնավիրուսով վարակվել է նաեւ հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը։ Ըստ նրա որդու՝ իր ծնողների մոտ հիվանդության ուժեղ ախտանշաններ չկան եւ նրանք ստանում են անհրաժեշտ բուժում։
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4634 եւ դրանով վարակման 126 հազարից ավելի դեպք: Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը կրկին սկսել է աճել, եւ վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 334 նոր դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի համավարակ:
Վրացական նախարարություններն ու գերատեսչություններն անցում են աշխատանքի արտակարգ ռեժիմի` աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, այսօր հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Մի շարք գերատեսչություններ կաշխատեն 24-ժամյա ռեժիմով:
Չնայած երեկվանից բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ կոչ արեցին չեղարկել հանրաքվեն, վերադառնալ արձակուրդից, չկազմակերպել զանգվածային միջոցառումներ, որոնք հղի են վարակի տարածման վտանգով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է քարոզարշավը։ Ջերմուկում նա հայտարարել է, որ, մեջբերում եմ՝ «մեր թիկունքում կանգնած է մի ինստիտուտ, որին մենք չենք վստահում»: Ըստ Փաշինյանի՝ դատական համակարգը ակնհայտորեն ու բացահայտորեն տեղ-տեղ ներգրավված է եղել քաղաքական պրոցեսների մեջ:
Վայքում էլ Փաշինյանը հայտարարել է, թե 2-3 տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցում, հիմա՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն։ Վարչապետը քննադատել է նախկին իշխանության դիվանագիտությունը։ Փաշինյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնց հեղափոխությունից հետո բերել, պաշտոններ են տվել, վստահել են, բայց նրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը:
Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարությամբ, կորոնավիրուսի տարածման ռիսկերով պայմանավորված խնդրել է քաղաքացիներին ձեռնպահ մնալ մարտի 17-ին կայանալիք նիստին ներկա գտնվելուց։ Այդ նիստում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։ Թովմասյանը նաեւ խնդրել է լրատվամիջոցներին ուղղիղ եթերով հնարավորություն ընձեռել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետեւել նիստի ընթացքին։
Թույլ չենք տալու հեղափոխությունը տեղափոխել Արցախ, հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Արցախում դավադիր ուժերի մասին Նիկոլ Փաշինյանի միտքը Բալասանյանն իրեն չի վերագրում։ «Ես չգիտեմ՝ ովքեր են այդ դավադիր ուժերը, այդպես էլ այդ ցուցակը չտեսանք», ասել է գեներալը, որը նաեւ չի հասկանում, թե ինչ է նշանակում «նախկին» կամ «նոր Հայաստան» ասվածը։ Ինձ համար շատ մեծ պատիվ է եղել ճանաչել նրանց, բոլոր նախագահների հետ ծառայել եմ, ասել է նա։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.30 դրամով ու հասել 484.33 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.63 դրամով ու կազմել 544.48 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.58 դրամով ու կազմել 617.28 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.25 դրամով ու կազմել 6.50 դրամ։
Մարտի 13-ի գիշերը Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են տեղումներ, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Երեւանում գիշերը անձրեւ կտեղա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +19+21:











