24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները։ Գիշերը՝ 3։40-ին նրանք խոշոր դիվերսիոն հարձակում են ձեռնարկել, ծանր կորսւտներ կրելով՝ փախել մարտի դաշտից։ Սամանին գիշերը ծավալված գործողություններն առավոտյան ներկայացրել է   Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանը կորուստների թիվը դեռ չի հրապարակել, սակայն Հովհաննիսյանի կարծիքով դրանք կարող են հասնել 2 տասնյակի։ Հիշեցնենք, որ Յաշմա կոչված հատուկ նշանակության ստորաբաժանումը ջախջախվել էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում։ Մարտադաշտում հերթական ձախողումից հետո, ադրբեջանական զինուժը փորձել է վրեժ լուծել խաղաղ հայ բնակչությունից, լուսադեմին 5-ին մոտ վերսկսելով խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը։ Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ասել է, արդեն մի քանի օր է ՏԻՄ-երի մոտ հավաքվում են ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք ցանկանում են դիրքեր մեկնել։ «Սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Զինված ուժերն իրենց  խնդիրը կատարում են»,- շեշտել  է նա:

Շատ դեպքերում մարտական գործողությունները եղել են խառը մարտավարությամբ, հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հարվածներին զուգահեռ ընթացել են նաեւ ցամաքային զորքերի հարձակողական  գործողություններ, ասել է Արծրուն Հովհաննիսյանը:  Հայկական կողմը կորուստներ եւ վիրավորներ չունի, ասել է նա։

Առավոտյան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ եւ ներկայացրել գիշերվա 3-ն անց 40-ից Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Ըստ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ Տոնոյանն ընդգծել է, որ մեր սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը, ավելի ուշ հայտնել է Շուշան Ստեփանյանը:

Կառավարության նիստում, որին ներկա չէր պաշտպանության նախարարը իր աշխատավայրում գտնվելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դրությունը սահմանին ներկայացրել է վարչապետ Փաշինյանը: Նա ավելացրել է, որ հանձնարարել է ուսումնասիրել եւ գնահատել վերջին օրերին քաղաքացիական բնակավայրերին հակառակորդի հասցրած վնասները:

Կոչով դիմելով սահմանամերձ համայնքների բնակիչներին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խնդրել է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։ Առավոտվա ճեպազրույցում նա ներկայացրել է հակառակորդի հրետակոծության վնասները։

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել այս գիշեր ռմբակոծված Այգեպարի մանկապարտեզից: Լուսանկարներում ներկայացված է գյուղի վերջերս նորոգված մանկապարտեզը մեկ շաբաթ առաջ և այսօր:

Կենտրոնը նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ Այգեպարի բնակիչը ներկայացնում է ռմբակոծված մանկապարտեզը։

Շուշան Ստեփանյանն էլ տարածել է Այգեպարի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածները փաստող տեսանյութը: «Դրանից քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-գրել է պաշտպանության նախարարության խոսնակը:

Շուշան Ստեփանյանը հերքել է հայկական ԱԹՍ խոցելու մասին հակառակորդի ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանը ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին հայկական X-55 ԱԹՍ է «խոցվել»: Հայկական Զինուժի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը կեղծ է»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից ի վեր հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի 14 ԱԹՍ։ Ավելի ուշ հաղորդվել է, որ  հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Նրա վիճակը կայուն ծանր է։ «Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ ԶԳՈւՇԱՑՆՈւՄ ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է կտրուկ  ավելանալ»,- շեշտել է Ստեփանյանը:

Կառավարության նիստի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետեւանքով զոհվել են 4 հայ զինծառայողներ եւ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պաշտպանության նախարարի ուղեկցությամբ Եռաբլուրում մասնակցել է 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանի  հուղարկավորությանը։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը հանձնվել է զոհված սպայի հորը։ Նախարարությունը Համբարձումյանին 2016-ին ներկայացրել էր  բանակի լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում, երբ նա դեռ կապիտան էր։

Այսօր մեր հերոսներն իրենց կյանքը զոհեցին ապագա միլիոնավոր կյանքերը փրկելու համար, Եռաբլուրում հայտարարել է Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը։

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում էլ հողին են հանձնել 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին։ Հետմահու շնորհված «Արիության մեդալը» հանձնել են կապիտանի ծնողներին, որոնք հրաժարվել էին իրենց որդուն «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու առաջարկից։

Ներկայացնելով Ադրբեջանի ռազմավարական նպատակները, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հիշեցրել է Մոսկվայում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե ինչպես կարող է իբր հզոր զինված ուժեր ունեցող  Ադրբեջանը թույլ տալ, որ իր 20 տոկոսը լինի օկուպացված: «Մենք պետք է եզրակացնենք, որ Ադրբեջանն իր առջեւ դրել է խնդիր ոչ թե հարցը լուծել բանակցային, այլ ռազմական ճանապարհով»,- ասել է  Հարությունյանը:

Ռազմական լարվածության բռնկումը Razm.info կայքի համակարգող եւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատահական չի համարում, անընդհատ սպառազինվելն ու մշտական ռազմատենչ հայտարարությունները մի օր հանգեցնելու էին ագրեսիայի։

Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Արամ քահանա Միրզոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն ու  Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը դրսում նարդի խաղում:

Գյուղապետ Սաղոյանը վստահեցրել է, որ նորոգելու են բոլոր վնասված տները։ «Հակառակորդը պետք է իմանա, որ մենք անսասան ենք,ինչքան էլ խաղաղ բնակչի վրա արկ ուղարկի, ոչնչի չի հասնի, մենք պինդ ենք մեր հողի վրա», ասել է նա:

Հակառակորդի պահվածքը խաղամոլների մոլուցքի հետ է համեմատել Մովսես գյուղի քահանա Աբել Քարտաշյանը։ «Նույն դիվահարությունն է: Մարդը կորցնում է, եւ իբրեւ թե  կորցրածը հետ բերելու հիմար մտածմունքներով է բռնկվում եւ կորցնում ամեն ինչ: Սա Հայաստանի Հանրապետության հողն է եւ այս հողի տերը մենք ենք»,- ասել է  քահանան։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձեռնարկում է համապատասխան միջոցներ Նախիջեւանի տարածքում գերության մեջ հայտնված  Նարեկ Սարդարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր մարդ, տեղական իշխանության եւ իրավապահների հետ երբեւէ խնդիրներ չի ունեցել, ունի անչափահաս երեխաներ:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը անհայտ կորել էր հուլիսի 8-ի կեսօրին՝ Նախիջեւանին սահմանակից Գորայք համայնքի արոտավայրերում սեփական անասունները որոնելիս: Պարզվել է, որ նա մոլորվել եւ անցել է Նախիջեւան, որտեղ գերեվարվել է:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուստամ Բակոյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանի եզդի համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները: «Տասնյակ եզդիներ պատրաստակամություն են հայտնել մեկնել առաջնագիծ եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը»,- հայտարարել է Բակոյանը եւ աշխարհի եզդիներին կոչ արել ակտիվորեն գործակցել հայկական սփյուռքի հետ՝ Ադրբեջանի սադրանքներին դիվանագիտական հակահարված հասցնելու համար:

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը  Պետքարտուղարությանն ու Պենտագոնին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի հակահայկական հռետորաբանությունը եւ վերանայել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանի հետզհետե ավելի թշնամական դարձող կառավարությանը:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին  հայտարարել է, թե Դաշնությունը կգործարկի բոլոր ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը կարգավորելու համար: Ըստ նրա՝ այն երկրները, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է դրսեւորեն առավելագույն պատասխանատվություն եւ զսպվածություն, այդ թվում՝ իրենց  հռետորաբանության մեջ»,- ակներեւաբար նկատի ունենալով Թուրքիային, ասել է Ռուդենկոն:

Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել արտգործնախարար Մամեդյարովին։ Այսօր Ալիեւն այդ պաշտոնին է նշանակել Ջեյհուն Բայրամովին՝ ազատելով կրթության նախարարի պաշտոնից:

Մամեդյարովի պաշտոնանկության մասին լուրերը սկսել էին շրջանառվել արտասահմանում նրա ընտանիքի ունեցվածքի մասին հրապարակումներից հետո, իսկ Ադրբեջանի կառավարության երեկվա զավեշտական նիստից հետո Մամեդյարվի ճակատագիրն արդեն վճռված կարելի էր համարել։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը տարակուսել էր, որ փնտրում եւ չի գտնում Մամեդյարովին։ Հետո փորձել է նրա տեղը ճշտել վարչապետից, Ալի Ասադովն էլ ասել է, թե պարզել է, որ Մամեդյարովն օրը ցերեկով տանն է։ 

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 33559-ի, ապաքինվել է 21931 մարդ: Մահերի թիվն ավելացել է 15-ով ու հասել 607-ի։

Համեմատելով այսօրվա տվյալները 2 շաբաթ առաջվա թվերի հետ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին ասել է, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճկալների ազատ լինելու եւ  մեր քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով ունենք էական առաջընթաց:

Ռումբի հերթական ահազանգն է այսօր ոտքի հանել փրկարարներին։ Ժամը 11։31-ին, Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, փրկարարներ, ինժեներասակրավորներ։ Փրկարարների, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։ Մի քանի ժամից պարզվել է, որ ռումբի ահազանգը կեղծ էր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.86 դրամով ու կազմել  483.64 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.31 դրամով ու կազմել 550.33 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.86 դրամով ու կազմել 605.66 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 6.79 դրամ։

Հուլիսի 17-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, նաև կարկուտ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +18-ից +20, վաղը ցերեկը 33-ից 35 աստիճան զրոյից բարձր։