Մենք՝ ինքներս գումարային առում երբեւիցե չենք ասել, որ մեզ տան 30 միլիոն գումար, մենք ասել ենք, որ կիրառեն նույն չափորոշիչը՝ սահմանը պահող սահմանին զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների կողմից իրենց դեմ դատական հայց ներկայացնելուն՝ ասաց. «Դրանցից մեկն առաջացավ, երբ զոհված զինծառայողների մայրերը դիմեցին համակարգող խորհուրդ, որ Կառավարությանը ներկայացնենք չափորոշիչ, որը կկիրառվի զոհվածների ընտանիքների նկատմամբ: Այն չափորոշիչը, որը կիրառվել է «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքների նկատմամբ եւ դա դարձավ թիրախավորման առիթ, որ սկսեցին թիրախավորել զոհվածների ընտանիքներին՝ առավել եւս ինձ եւ Խլղաթյան Սաթիկին: Դա դարձավ քարկոծման աղբյուր մեզ եւ մեր ընտանիքներին»։

Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ փաստաբանը հայցադիմումով դիմել է դատարան, բայց առաջին նիստին հայցվոր կողմը դատարան չի ներկայացել:

«Քլոյանը հայտարարել է, որ Խլղաթյան Սաթիկին դատի չի տվել. մենք ստացել ենք ծանուցում, որ դատի է տվել, ասել է՝ դատի չեմ տվել, բայց գալու եմ դատարան, այդ 30 մլն շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին: Այսօր ես եկել եմ այստեղ՝ տեսեմ պարոն Քլոյանը, այդ 30 միլիոնը ոնց է շպրտում իմ երեսին, ես խոսք եմ տալիս, որ այդ 30 միլիոնը, երբ շպրտի երեսիս, բաժանելու եմ պայմանագրային զինծառայողների ընտանիքներին: Երբ կառավարության շենքի դեմ մենք դուրս ենք եկել եւ մեր հարցերը բարձրացրել ենք ու դարձել ենք քարկոծման եւ թիրախավորման աղբյուր: Եթե ամսական պարգեւավճարները 1 մլն 8 հարյուր հազար հասնում է Ազգային ժողովի պատգամավորներին, նրանց ընտանիքներին, ապա այդ գումարներից հասնում է,.. արդյոք այս չափորոշիչները որ կիրառում են մեկը մեկին պարգեւատրում են, թե ազատամարտիկներին թե զոհվածների ընտանիքներին թե սոցիալապես անապահով խավին չի հասնում»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը հետաձգվեց։

Ինչպես նախորդ այնպես էլ այս դատական նիստին հայցվոր կողմը ներկա էր դատական նիստին։

Այս նիստին քննարկվել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը եւ այդ մասով ապացուցման բեռը բաշխելու, ապացույց ներկայացնելու եւ ժամկետ սահմանելու։

Նշենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.

«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.

«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։