Բոլոր  հավաքվածներս պահանջում ենք, խնդրում ենք, որ պարոն Փաշինյանը գա, հանդիպենք  և ինչ-որ մի  լուծում մեզ առաջարկի, կամ ասի՝ ժողովուրդ, գնացեք տներով, ես ձեզ չեմ օգնելու, կամ ասի` այս հարցով մենք բանակցում ենք:

Այս  մասին  այսօր` սեպտեմբերի 7-ին, կառավարության դիմաց ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից Արթուր Ոսկանյանը, ով մի շարք քաղաքացիների հետ բողոքում է փակ սահմանների համար:

Քաղաքացին նշում է, որ իրենք այդ հարցով հանդիպել են  նախարարի, պատգմավորների հետ, սակայն ոչ մի առաջընթաց չկա դեռևս. «Մենք խնդրում ենք պարոն վարչապետին` 10 րոպեով թող գա, էս ժողովրդին ինչ-որ հույս տա, չէ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք,  բոլորս տեսնում ենք` կորոնավիրուսի թվերն էլ իջել են, ինչո՞ւ լուծում չի լինում: Խնդրում ենք Փաշինյանին գա մեզ մոտ, հենց ինքը, մեզ էլ ոչ ոք չի հետաքրքրում, քանի որ բոլորը նույնն են ասում, որ սպասենք, բայց ինչքան սպասենք: Այս երեխաները իրենց պապային կարոտել են, ուզում են տեսնեն, ասեք`ինչ անեն, ասում են` կանչեք իրենք գան, եթե իրենք գան Հայաստանի իշխանությունները կարող են այն նույն եկամուտը, աշխատավարձը տալ, ինչ-որ  Ռուսաստանում են  ստանում»,- ասաց  Արթուր Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից և բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանների համար, նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք կարողանան գնալ իրենց ընտանիքների մոտ, մյուսներն էլ արտագնա աշխատանքների մեկնեն: