14  երիտասարդ ուսանող  «Իմ քայլը» հիմնադրամի շնորհիվ իրենց կրթությունը շարունակելու են հայրենիքի սահմաններից դուրս։

«Իմ քայլը» հիմնադրամն՝ այսօր սեպտեմբերի 8-ին 2020-2021թթ․-ի ուսումնական տարվա  կրթաթոշակային հավաստագրեր հանձնեց  աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդ ուսանողներին։

Օշականի մշակույթի պալատում տեղի ունեցած հավաստագրերի հանձնման արարողությանը  ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների  խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։ Նախատեսվում էր, որ միջոցառմանը մասնակցելու է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն վերջինս չէր ներկայացել միջոցառմանը։ Նրա անունից ընթերցվեց շնորհավորանքի խոսք։

Քրիստինա Հակոբյանը, որը համաճարակաբանություն է ուսումնասիրելու Լոնդոնի համալսարանի մագիստրատուրայում անկեղծանում է՝ ճանապարհը, որը  բերել է այսօրվան՝  հեշտ չի տրվել։ Առաջատար  համալսարաններում սովորելու մասին երազանքը իրականություն դարձնելու համար դժվար ճանապարհ են անցել, անքուն գիշերներ ունեցել,  բայց  հիմա ուրախությամբ է արձանագրում, որ իրենց հաջողվել է երազանքն իրականություն դարձնել։

«Ճանապարհը դեպի երազած բուհ բաց է, և մենք արդեն մեր ճանապարհի վրա ենք, բայց ո՞ւր ենք գնում, ինչի՞ համար։ Իհարկե, գնում ենք կրթության և գիտելիքի ետևից, բայց ի՞նչ է գիտելիքը, եթե այն չի վերածվում գործի կամ գործունեության, ի՞նչ է գործունեությունը, եթե այն չի վերածվում արդյունքի։ Մենք գնում ենք այս շղթայի սկիզբը դնելու, նրանով անցնելու, և արդյունք ստեղծելու համար։ Մենք գնում ենք մեր մոտիվացիոն նամակներում  անկեղծորեն շարադրած երազանքները իրականացնելու, մեզ համար երաշխավոր դարձած մեր ավագ  գործընկերների, ղեկավարների, դասախոսների  վստահությունը արդարացնելու,  մեծ ուժ տվող սիրելիների սպասելիքերը արդարացնելու և վերջապես մեր հասարակության,  պետության, պետականության զարգացմանը նապստելու համար, մենք գնում ենք, որ հետո փոփոխություն բերենք»,- իր ելույթում նշեց Քրիստինան, ապա երախտիքի խոսքեր ուղղեց «Իմ քայլը» հիմնադրամին՝  ընձեռված հնարավորության համար։

«Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» հիմնադրամին՝ նպատակային, ճկուն և  համապարփակ մոտեցումներով աշխարհի լավագույն կրթությունը մեզ՝ հասանալի դարձնելու համար։ Շնորհակալ եմ հիմնադրամի նվիրված և ուժեղ թիմին այս ամբողջ  ընթացքում մեր կողքին լինելու, համագործակցության և աջակցության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։