Մի շարք քաղաքացիներ, ովքեր բողոքում են  բանկային համակարգի դեմ, այսօր` սեպտեմբերի 10-ին կառավարության շենքի դիմաց  կրկին բողոքի ակցիա են իրականացնում ակտիվիստ Մանուել  Մանուկյանի հետ միասին: Նրանք ցանականում  էին նստացույց իրականացնել կառավարության դիմաց, սակայն ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին նստել աստիճաններին:

«Ժողովուրդ ջան, արձանագրեք, որ մեզ թույլ չեն տալիս հանրային տարածք հանդիսացող աստիճաններին նստել, վարչապետն ինքն է ասել, որ սա ժողովրդի տարածքն է և պատկանում է ժողովրդին»,-ասաց Մանուել Մանուկյանը, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողը հավելեց, որ  ոչ ոք չփորձի ոստիկանական շղթան անցնել, եթե ցանկանում են նստել, ապա ոստիականական շղթայից հեռու:

Ակցիայի մասնակիցները նստացույց իրականացրեցին կառավարության դիմաց:

Մանուել Մանուկյանը կրկին հորդորեց քաղաքացիներին միահամուռ կերպով միանալ նստացույցին.

«Եթե վարչապետը պետք է մեզ արհամարհի գնա, ապա թող արհամարհի, մնալու ենք այստեղ նստած, սպասելու ենք Նիկոլ Փաշինյանին, եթե փախուստի պիտի դիմի, ապա թող դիմի»,- ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց.

«Փաշինյան Նիկոլ, բանկային համակարգի հետ կապված 5 փաստ էիր ուզում, ներկայացրինք, ապացույցներ էիր ուզում, ներկայացրինք, Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես, իջիր, հայ ազգը ուզում է խնդիրների լուծում տրվի, հայ ազգն ուզում է դուրս գա երկրից, նույնիսկ ճանապարհները չես բացում, որ գոնե թողնի գնա, այստեղ է մեզ հետ նստած թոշակառու մի կին, ում թոշակի վրա կալանք է դրված, եթե դա ստորություն չի, ապա ինչ է, էս ո՞ւր ենք հասել, որ արդեն թոշակառուների թոշակն են կալանքի տակ դնում»:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են  անում՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարելով նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։