Այն՝ ինչ կատարվում է այստեղ, իրավազուրկ է, որեւէ հիմք չկա։ Կալանավորում են այն մարդկանց, ովքեր ամբողջ պատերազմի ժամանակ այնտեղ են եղել, ուղղակի վերջին ստորությունն է նման քայլերին գնալը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, որովհետեւ վախկոտ է։ Սրա մասին բազմաթիվ ապացույցներ կան, առիթ կլինի հետո կխոսենք։ Հոգեվարքի մեջ է այս իշխանությունը, ամեն քայլի պատրաստ է գնալու, մի քանի օր երկարաձգելու իր դավաճանական գործը։ Երկու բան է պետք անել։ Առաջին, որ հանրությունը շոկից դուրս է գալիս, պիտի ավելի զանգվածային համախմբում տեղի ունենա, եւ պարտադրի  այս իշխանությանը հեռանալ։ Երկրորդը՝ իշխանության ներկայացուցիչների հանդեպ բարոյական ճնշում պետք է գործադրել, առաջին հերթին իմքայալականների հանդեպ։ Նրանք պետք է հասկանան, որ այն անգործությունը, կեցվածքը որ ունեն, մասնակցություն է դավաճանությանը։ Նրանք մտածում են, որ եթե թիմից հիմա դուրս գան, կասեն՝ թիմին դավաճանել են, բայց նրանք պիտի հասկանան, որ դավաճանին դավաճանելը դավաճանություն չէ»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը։