Ադրբեջանը չի ցանկանում շարունակել բանակցությունները: Գոնե այսօրվա համար Ալիեւն ասում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ես, ասենք, հումորով եմ վերաբերվում (Ալիեւի) այս հայտարարությանը: Ի՞նչ է նշանակում լուծված: Այն տարածքում, որը Ադրբեջանը համարում է իրենը, կա մոտ 3000 ք/մ տարածքով շրջան, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր իրենց Ադրբեջանի քաղաքացի չեն ճանաչում, ովքեր հռչակել են Արցախի Հանրապետությունը, որը, իր հերթին, Բաքուն չի ճանաչում: Այս մարդիկ ունեն կառավարման իրենց կառուցվածքը, եւ Ադրբեջանը չի կարող կառավարման գործառույթներ իրականացնել այս տարածքում: Եթե սա կոչվում է լուծված, ապա ինչի՞ մասին ենք ընդհանրապես խոսում... Նույնիսկ տեսականորեն, այս տեսակի խնդիրը կարելի է լուծել երկու եղանակով՝ առաջինը բոլոր այս մարդկանց սպանելն է կամ վտարելը, ինչպես դա արվեց Արցախի հարավային մասում, երկրորդ միջոցը այդ մարդկանց հետ ինչ-որ կերպ բանակցելն է:

Առաջինը, ըստ ամենայնի, հնարավոր չի լինի առնվազն 5 տարի, քանի որ այնտեղ գտնվող ռուս խաղաղապահները պարտավորվել են թույլ չտալ կրակի վերսկսումը, այսինքն՝ պատերազմը: Երկրորդ տարբերակն Ադրբեջանը ակնհայտորեն չի պատրաստվում եւ չի ցանկանում անել: Այսպիսով, իրավիճակը կախված կմնա օդում: Դա քիչ թե շատ ակնհայտ էր: Վերջին 28 տարիներին իրավիճակն այդպիսին էր եւ կշարունակի այդպիսին մնալ, քանի որ վերջին 28 տարիների ընթացքում Ադրբեջանը չէր ցանկանում փոխզիջման գնալ, եւ այժմ, պատերազմում հաղթելով, ինչու պետք է գնա այդ փոխզիջումներին: Ադրբեջանը ճնշում կգործադրի, ժամանակ առ ժամանակ կլինեն որոշ սրացումներ, որոշ խնդիրներ... Այս իմաստով ոչինչ չի փոխվել:

Ավելի նեղ ձեւաչափով, ավելի փոքր տարածքում, ամենայն հավանականությամբ այնտեղ ապրող ավելի քիչ թվով մարդկանց հետ, ղարաբաղյան խնդիրը ոչ մի տեղ չի գնացել:

Դրանից բխում է, որ մեր ունեցած փաստաթուղթը (նոյեմբերի 9-ի համաձայնագիրը) չի պարունակում ոչ մի բան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ոչ մի բառ, ոչ մի տառ կարգավիճակի մասին, ոչ մի բառ չկա Ադրբեջանի կողմից ցանկացած կարգավիճակի երաշխիքների մասին: Սա հրադադարի փաստաթուղթ է: Իսկ ղարաբաղյան հիմնախնդիրը կմնա...

Ղարաբաղյան հակամարտության լուծման ձեւաչափերից մեկը Մինսկի խումբն է: Ոչ շատ լավ, ոչ միշտ հաջողակ, ոչ մի արդյունքի չհասած, բայց պահանջներ ներկայացնել Մինսկի խմբին, գոնե Ալիեւը կարող է: Մինսկի խումբը չի կարող լուծել այդ խնդիրը հայերի եւ ադրբեջանցիների փոխարեն, նա կարող է նպաստել միայն այդ խնդրի լուծմանը, եթե հայերն ու ադրբեջանցիները դա ուզում են: Բաքուն դա չի ուզում, Ալիեւը դա ուղիղ է ասում: Այդ դեպքում ի՞նչ կարող է անել ՄԽ-ն: Նա կարող է փորձել վերսկսել այս գործընթացը»:

Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով գործընթացը վերսկսելու հույսեր, Իսկանդարյանը նշեց, որ հույսեր կան, բայց որքան են մեծ այդ հույսերը՝ դժվար է ասել: «Հիմա Ալիեւի ռեժիմը հետ է մղում բոլոր հաջողությունները, որոնց շնորհիվ նա հույս ունի եւս 20-30 տարի մնալ իշխանության գլուխ: Բայց ժամանակն անցնում է, ինչ-որ մեխանիզմ, այնուամենայնիվ, պետք է, քանի որ խնդիրը կա... Ինչ է Ալիեւը առաջիկա 100 տարիներին պետք է հաստատի, որ ղարաբաղյան խնդիր չկա՞»: