Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, այն լկտի պահվածքը, որն Ալիեւը իրեն թույլ տվեց միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ, ոչ միայն Բաքվի դիրքորոշումն է, այլեւ յուրատեսակ ուղերձ, որի միջոցով նա փորձում էր օժանդակել Էրդողանին։ Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի արդյունքների թեմայով NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը։
Ըստ քաղաքագետի՝ ՀՀ արտգործնախարարի եւ վարչապետի հետ Երեւանում ունեցած հանդիպումների իմաստն, ըստ էության, կարծիքների փոխանակումն էր, իրավիճակի գնահատումն ու հետագա քայլերի հստակեցումը:
«Հանդիպումները տեղի են ունեցել հետնոյեմբերյան ֆոնի վրա, եւ դա շատ է ազդում հանդիպումների ե՛ւ ձեւի, ե՛ւ բովանդակության վրա, եւ, ըստ էության, այն խնդիրները, որ առաջ են քաշել հայկական կողմի ներկայացուցիչները, արտացոլում են այն դիրքորոշումը, որ հայաստանյան արտաքին քաղաքականությունը փորձում է ներկայացնել հայտնի հայտարարությունից հետո: Եթե առանձնացնենք 4 հիմնական խնդիրները, որոնք մեր արտաքին քաղաքականությունը փորձում է ներկայացնել որպես առաջնահերթություններ, պետք է դիտարկենք նաեւ այն ձեւաչափի հետ, որ ունենք նոյեմբերյան հայտարարության հետ միասին: Եթե մենք խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին, անհրաժեշտ է դիտարկել բոլոր կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանական դիրքորոշումը սկզբունքորեն չի ենթարկվել ոչ մի փոփոխության, ինչպես իրենք չէին դիտարկում Արցախը որպես անկախ պետություն, ինչպես իրենք չէին դիտարկում ոչ մի ինքնորոշման իրավունքի իրացում, այնպես էլ շարունակում են չդիտարկել, եւ այս տարածքը դիտարկում են իբրեւ Ադրբեջանի մաս: Բնականաբար, դա հակասում է հայկական կողմի ե՛ւ դիրքորոշումներին նախկինում, ե՛ւ այսօր այս հարցը ստանում է լիովին նոր հնչեղություն: Բանն այն է, որ մենք պետք է շարունակենք դիտարկել խնդիրը ինքնորոշման խնդրի շրջանակում եւ պետք է տրամադրենք արցախահայությանը ինքնորոշման հնարավորություն: Ինչպես է դա տեղի ունենալու, բախման տրամաբանությունը դեռ գոյություն ունի, որովհետեւ ադրբեջանական մոտեցումը բացարձակապես դա է ենթադրում, Ադրբեջանի վարքը, հայտարարությունները հետպատերազմյան, այդ թվում նաեւ համանախագահների հետ հանդիպման ժամանակ, բացարձակապես դրության կայունացմանը չեն նպաստում, համապատասխանաբար, այստեղ մենք հայտնվելու ենք, ինչ-որ իմաստով, փակուղային իրավիճակում: Այսինքն, խոսվում է այն մասին, որ արցախահայությունը պետք է ստանա ինքնորոշման հնարավորություն, բայց առայժմ խոսքը լինելու է միայն անվտանգության երաշխիքների մասին ռուսաստանյան խաղաղապահների առկայության պարագայում», ասել է վերլուծաբանը:
Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ թե ինչ է լինելու հետագայում՝ առանձին թեմա է։
«Մինսկի խմբի երկու համանախագահները ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում հիմնականում ծանոթացել են հետպատերազմյան իրավիճակում կողմերի դիրքորոշումների հետ: Հիմանական խնդիրը, որը շեշտադրված է եղել, հետպատերազմյան աշխարհում դիրքորոշումների հետ ծանոթանալն էր, այն աշխարհում, որը ձեւավորվում է եռակողմ հայտարարությունից հետո: Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, այն լկտի պահվածքը, որը Ալիեւը իրեն թույլ տվեց հանդիպման ժամանակ, ոչ միայն Բաքվի դիրքորոշումն է, այլեւ յուատեսակ ուղերձ, որի միջոցով նա փորձում էր օժանդակություն ցուցաբերել Էրդողանին, որովհետեւ հակասությունները, որոնք այսօր կան Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, այսօր արտացոլվում են նաեւ այդ ելույթներում», նշել է նա։
Ալեքսանդր Մարգարովն ասել է, որ ՄԽ համանախագահները դիվանագետներ են եւ նրանց աշխատանքը կայանում է նրանում, որ փորձեն հարթել սուր անկյունները․
«Այսինքն, այս տեսանկյունից նրանք ստիպված եղան կուլ տալ այն, ինչ իրենց ասվեց եւ ծանոթանալով այդ դիրքորոշման հետ՝ նրանք, բնականաբար, այդ դիրքորոշումը հայտնելու են իրենց պետությունների ղեկավարներին, եւ դա կունենա համապատասխան տեսական հետեւանքներ կապված այն բանի հետ, թե ինչպես են զարգանալու փոխհարաբերությունները, այդ թվում նաեւ երկկողմ։ Ամեն դեպքերում, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ ԱՄՆ-ն ցանկանում են ինչ-որ չափով իրենց ներդրումն ունենալ կարգավորման մեջ։ Ֆրանսիան, ինչպես հիշում եք, իրականացնում է մի շարք հումանիտար գործողություններ վերջին 2 շաբաթվա ընթացքում», նշել է Մարգարովը։
Հայաստանը, քաղաքագետի խոսքով, հանդես է գալիս որպես հիմնական բանակցող կողմ այս ձեւաչափում, բնականաբար, պետք է օգտվի այդ հնարավորությունից՝ ներկայացնելու սեփական կարծիքը։
«Արցախի դուրս մղվելը այս գործընթացից նպատակահարմար եւ նպաստավոր չէ, եւ զրկվել հանդիպման հնարավորությունից եւ հիմնավորում ներկայացնել, թե ամբողջությամբ ձեւաչափը ներկայացված չէ, վստահ չեմ, որ դա ապագա գործընթացին նպաստող որոշում էր, քանի որ մենք միշտ շեշտադրում ենք այն հանգամանքը, որ չնայած Արցախի ներկայացուցիչը անմիջականորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, բայց համանախագահները միշտ հանդիպում էին Արցախի ներկայացուցիչների հետ։ Այս տեսանկյունից հնարավորություն կա ներկայացնել Արցախի դիրքորոշումը այս նոր գործընթացում, եւ այդ դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից զրկվելն այնքան էլ նպատակահարմար չէ։ Եվ հիմնավորել դա այն բանով, որ չկա Ռուսաստանի ներկայացուցիչը, այնտեղ կար դեսպանատան երկրորդ դեմքը, Կապիրկինը նույնես Հայաստանում չէր այդ պահին, դա այնքան էլ հաջող քայլ չի եղել, բայց դա գուցե վերագրվում է այն գործընթացին, որն այսօր առկա է Հայաստան-Արցախ-համանախագահողներ փոխհարաբերությունների տեսանկյունից։ Երբ մենք շեշտում ենք, որ Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային գործընթացի կողմ եւ մենք խուսափում ենք այս հնարավորությունից, կա՛մ կա խորքային պատճառ, որը մեզ հայտնի չէ, կա՛մ դա պարզապես անհաջող տարբերակ է։
Քաղաքագետը նշել է, որ մեկն այն 4 կետերից, որոնք հնչեցվել են վարչապետի եւ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ներառում էր բանակցային գործընթացի շարունակությունը՝ հաշվի առնելով ինքնորոշման սկզբունքը, հաջորդը բնականաբար կարգավիճակի հարցն է։
«Քանի որ այդ հարցը արծարծված չէր հայտարարության մեջ, հայկական կողմը ենթադրում է, որ այս հարցը դեռ կարող է հանդես գալ որպես բանակցային գործընթացի տարրերից մեկը։ Սակայն այստեղ կան գուցե ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Եթե նախկինում հասկանալի է եղել, որ աշխարհագրական տարածքի մասին է խոսքը ինքնորոշման տեսանկյունից, այստեղ պետք է հստակեցնենք նաեւ այն հարցը, թե ինչ ենք մենք հասկանում որպես Արցախ, ինչ ենք մենք հասկանում որպես ինքնորոշվող բնակչության տարածք, ինչ ենք մենք հասկանում որպես դեօկուպացիայի պահանջ, որովհետեւ հայկական կողմը դնում է նաեւ Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքների ազատումը ադրբեջանական զորքերից։ Եթե մենք դնում ենք այդ պահանջը, այդ դեպքում նույն մարդիկ, որոնք խոսում են դեօկուպացիայի մասին, ըստ էության պատասխանատու են այն հայտարարության համար, որը ստորագրելեն երեք երկրների ներկայացուցիչները։ Այսինքն՝ ո՞վ էր խանգարում նախկինում խոսել որոշակի տարածքների մասին՝ 5+2 եւ չխոսել ԼՂԻՄ-ի նախկին տարածքների մասին: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք դեօպկուացիայի մասին, հարցն այն է, թե ինչպես կարելի է դրան հասնել, մանավանդ որ Ադրբեջանը դրան չի գնալու։ Հաջորդ հետեւանքները, որոնք վերաբերում են բանակցային գործընթացի շրանակներում հարցերին, դա մի կողմից հումանիտար հարցերն են՝ կապված փախստականների վերադարձի հետ, նրանց առօրյայի ապահովմանը, Կարմիր խաչի, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը մշակութային հուշարձանների պահպանման եւ մշակութային ցեղասպանություն թույլ չտալու հետ կապված։ Կան հարցեր, որոնք անմիջականորեն կապված են բանակցային գործընթացի, կարգավիճակի եւ տարածքների հետ, ինքնորոշման ընդունման սկզբունքի հետ, եւ կան հարցեր, որոնք վերաբերում են առօրյային, ավելի կենցաղային հարցերն են, որոնք կարեւոր են կոնկրետ մարդկանց կոնկրետ ապագայի առումով, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ապրում էին Շուշիում կամ Ադրբեջանի զավթած այլ տարածքներում, այդ նրանց ապագայի մասին, որոնց պետք է տեղավորել Ստեփանակերտում, Մարտակերտում կամ այլ վայրում, որտեղ պահպանվում է Արցախի ինքնիշխանությունը համապատասխան տարածքի նկատմամբ», ասել է Ալեքսանդր Մարգարովը։
Բնականաբար, ըստ Մարգարովի, շեշտադրվում է ոչ միայն ռազմական գործողությունների դադարեցման հարցը, այլեւ հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանին փոխանցված տարածքներին։
«Այսինքն դա ոչ միայն հրադադարի հետ կապված փաստաթուղթ է, այլեւ փաստաթուղթ, որով կողմերը պարտավորվում են իրականացնել որոշակի քայլեր, բայց այստեղ կան որոշակի բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել, եւ եթե մենք սա դիտարկենք միայն որպես հրադադարի փաստաթուղթ, նման փաստաթուղթ եղել է 1994 թվականին։ Քանի որ մենք այստեղ չենք տեսնում Արցախի ստորագրությունը, տեսնում եք տարածքի փոխանցում Ադրբեջանին, մենք տեսնում ենք այլ ակնկալվող գործողություններ, ապա սա ոչ միայն հրադադարի փաստաթուղթ է, այլ նոր իրավիճակ, որը ենթադրում է կոնֆլիկտի նոր ճարտարապետություն եւ նոր ստատուս քվո, որոնցից էլ պետք է բխի ամբողջ հետագա գործընթացը։ Բացթողումներից մեկը կարգավիճակի խնդիրն է, որին բացարձակապես չի անդրադառնում տվյալ փաստաթուղթը։ Ադրբեջանի համար հասկանալի է, որ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել, նրանք դիտարկում են ամբողջ տարածքը, որը գտնվում է կամ չի գտնվում նրանց վերահսկողության տակ, որպես Ադրբեջանի տարածք։ Հայկական կողմը պետք է ձգտի ինքնորոշման իրավունքի հարցի առաջ քաշելը նախկին ԼՂԻՄ-ի տարածքում», ասել է Ալեքսանդր Մարգարովը։
Ըստ Մարգարովի, մենք պետք է ապրենք խաղաղության մեջ՝ պատրաստվելով պատերազմի, քանի որ վերջին հազարամյակներում այս տարածաշրջանում միշտ ունեցել ենք պատերազմի ձգտող հարեւաններ։











