Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 24–ին ոստիկանական խիտ պատնեշի հետևում անվրդով կառավարության նիստ է անցկացնում։ Այդ ընթացքում կառավարության շենքի դիմաց հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են նրա հրաժարականը։

Նախօրեին նրանք հայտարարել էին շենքը շրջափակելու մտադրության մասին։ Սակայն կառավարության հետևի մուտքը առավոտից արդեն փակ էր ոստիկանական շղթայով, որտեղից էլ մուտք գործեցին կառավարության անդամների ավտոմեքենաները։

Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 44-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

-              Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին,

-              Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին,

-              Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին վարկի համաֆինանսավորման ձևով օժանդակություն տրամադրելու մասին,

-              Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մաuին եւ այլ հարցեր: