Էդ որ Սյունիքից խոսում ենք, 2 օր առաջ քննարկումներ էր կազմակերպված, բա ո՞ւր էիք, բա ինչի՞ չեկաք, գայիք հենց քննարկումների ժամանակ բոլոր մտքերն արտահայտեիք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը։

«Խնդրում եմ՝ մանիպուլյացիաներ մի արեք, էստեղ երեխաներ չկան»,- նշեց պատգամավոր։

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու «Իմ քայլի» այն նախագծին՝ Արման Աբովյանը դա որակես քաղաքական հաշվեհարդար. «Այս պահին իշխանությունը հերթական անգամ փորձելու է ոտնահարել ՀՀ սահմանադրությունը։ Խոսքը գնում է այն շոու մասին, որը դուք փորձելու եք կազմակերպել՝ Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու։ Սահմանադրության 9-րդ հոդվածում հստակ ասված է, որ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատագամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար։ Բացի դա, ՀՀ ազգային ժողովի կանոնակարգի 11-րդ հոդվածը սահմանում է, որ հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում են, եթե նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են, նա դուրս է գալիս հանձնաժողովից կամ դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամին։ Բացառապես այս 3 դրույթները գոյություն ունեն, ուստի ձեր հիմնավորումը, որ Նաիրա Զոհրաբյանը իր հրապարակային խոսքում վիրավորել է, գնահատական է տվել այն քաղաքացիներին, ովքեր սատարում են Արցախի կապիտուլյացիային եւ պետք է հեռացվեն։ Այդ հիմքով նման հակասահմանադրական նախագիծ բերելը քաղաքական հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի հանդեպ»։

Արման Աբովյանը հայտնեց, որ այդ գործընթացին տեղյակ են եւ հետեւում են բոլոր միջազգային կառույցները. «Դուք քվեարկելով նման հակասահմանադրական նախագծին՝ եւս մեկով ավելացնում եք ՀՀ սահմանադրության կողմից ձեր կատարած խախտումների թիվը։ Արեք այն, ինչ ուզում եք, բայց մի մոռացեք, որ շուտով գալու է ձեր պատասխանատվության ժամանակը։ Մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ զրկեք Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ապա ԲՀԿ-ն որեւէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար»։