Այն առաջարկությունները, որոնք մենք արել ենք, ես չեմ կարծում, որ հարվածում են հակածխախոտային ոգուն։ Դա ժամանակավոր միջոցառում է, որն այս պահին թելադրված է կորոնավիրուսով եւ պատերազմով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին ԱԺ նիստում քննարկվող հակածխախոտային օրենքի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ծխելու դեմ կարելի է պայքարել, որ մենք առողջ հասարակություն ունենանք, կարելի է պայքարել այն տարբերակով, որ հարկերն ավելացնենք։ Բայց ավելի կարեւոր տարբերակ կա, որով ոչ միայն ծխելու դեմ պայքարելով մեր հասարակությանը կդարձնենք առողջ, այլ առողջապահական քաղաքականության մեթոդով։ Այսօր մեր պետությունում չկա մի կազմակերպություն, որ շահագրգռված լինի, որ քաղաքացին չհիվանդանա, կարող եմ տասնյակ կազմակերպությունների անուններ տալ, որոնք ուզում են, որ քաղաքացիները հիվանդանան։ Եկեք պարտադիր առողջապահական համակարգը ստեղծենք, որ այդտեղ աշխատող սուբյեկտները շահարգրռված լինեն, չուզենան, որ քաղաքացին հիվանդանա, կանխարգելեն ժամանակին։ Իսկ այն մարդն էլ, ով կծխի, իրեն ասեն՝ մենք քեզ թանկ ենք ապահովագրում, որովհետեւ դու ռիսկային ես»,- նշեց Աղազարյանը։
Նշենք, «Իմ քայլը» խմբակցության 4 պատգամավոր, այդ թվում՝ Աղազարյանը, առաջարկում են «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենք 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների իրականացումը հետաձգել մեկ տարով, բայց Առողջապահության նախարարությունը դեմ է դրան։











