Ոստիկանի կողմից ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանին առեւանգման փաստի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում փաստաբանները հաղորդում  են ներկայացնելու։ Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա ասաց, որ Սիմոնյանին խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին, բերման ենթարկելու 3 ժամը լրացել է 14։20-ին  եւ նա ազատ է արձակվել։

Պապոյանի խոսքով, ո՛չ ձերբակալման որոշում է եղել, ո՛չ արձանագրություն։

«Բոլորս իջանք դուրս եւ հայտարարեցինք, որ երբ պատշաճ կծանուցեք, այդ ժամանակ կներկայանանք։ Դրսում Աշոտ Սիմոնյանը հարցազրույց էր տալիս մի լրատվամիջոցի, որի ժամանակ՝ 14։30-ի սահմաններում մոտենում է օպեր գծով տեղակալը եւ բանավոր  հայտարարում է՝ մենք ձեզ հենց հիմա ծանուցում ենք, հենց հիմա պետք է ներկայանաք Ոստիկանության Արաբկիրի բաժին, եւ որեւէ ծանուցագիր չեն հանձնում Աշոտ Սիմոնյանին եւ ներգրավված պաշտպան Վահե Եփրիկյանին։ Ծանուցագիրը տալիս են Ոստիկանության ծառայողների ձեռքը, Աշոտ Սիմոնյանի թեւերը ոլորելով, առեւանգելով տանում են Արաբկիրի բաժին»,- պատմեց Պապոյանը։

Փաստաբանի խոսքով՝ 14։33-ին, առանց որեւէ իրավական հիմքի Աշոտ Սիմոնյանին ձերբակալել են։

Նա նշեց, որ այնուամենայնիվ ծանուցագրում Ոստիկանություն ներկայանալու ժամը 14։40-նն էր։

Փաստաբանը հայտնեց, որ  այժմ Սիմոնյանը Ձերբակալվածների պահման վայրում է, եւ արդեն իսկ բողոք է ներկայացվում՝ ձերբակալման իրավաչափությունը քննելու հարցով։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ նշեց, որ Ոստիկանության գործողությունների բնույթի փոխվելը զարմանալի չէ, նշելով, որ այսօր էլ խորհրդարանի ամբիոնից պատգամավորները հորդորներ էին հնչեցնում Ոստիկանությանը՝ իր ծառայությանը որոշակի ուղղվածություն տալու մասով։

«Ոստիկանությունն ականջալուր եղավ քաղաքական ամբիոնից հնչեցվող իրենց հորդորներին եւ կարճ ժամկետում այդ հորդորը կատարեց։ Այսինքն՝ կատարում են ցանկացած անօրինական արարք՝ քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար։ Ես համոզված եմ, որ Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը ավելի է սաստկանալու, եւ ներկա իշխանությունը իր իշխանությունը պահելու համար իրավապահ մարմիններին ամբողջ ծավալով  ներգրավելու է բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ, որպիսիք կարող են լինել լիազորությունների անցումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, ապացույցներ կեղծելը»,- ասաց Մակինյանը։