Մինչեւ օրս փորձաքննության է ենթարկվել պատերազմում զոհվածների 3450 դի, լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ  նրա՝ օրական միջինը 30 հոգու դի է ճանաչվում։

Մամուլը շարունակում է ամենօրյա ռեժիմով հերքել վարչապետի տարածած լուրերն ու տվյալները. մեկ տարի առաջ Փաշինյանը գրել էր, թե 2019-ի ընթացքում Հայոց բանակում զոհվածների պատմական մինիմում է արձանագրվել՝ 4 մարդ, մինչդեռ պարզվել է, որ 2001-ին եւ 2008-ին ավելի քիչ է եղել։ Այս տվյալները Yerevan.Today-ը դատախազությունից հարցումով է պարզել։  Ըստ վիճակագրության՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք զոհվել է մոտ 7 հազար մարդ, որոնցից 6 հազարը արցախյան հաղթական պատերազմում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մարտական կորուստների թիվը 92 է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ 228, նրանցից 86-ը Ապրիլյան պատերազմում։ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2,5 տարում մարտական կորուստներն անցել են 5 հազարից, որոշ փորձագետների հաշվարկով՝ նրանք 7 հազարն են։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ պնդում է, թե Փաշինյանը ստել է՝ ասելով, թե նախկինում երբեք այսքան գերի չէր վերադարձվել, որքան հիմա։ «Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարից հետո՝ 1995-1997-ին։ Կարմիր խաչի 1996-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է», գրել է նա։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի տվյալով՝ այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում քաղաքացիական անձինք ու կանայք:  «Պրեսսինգ» հաղորդաշարին Շահնազարյանն ասել է, որ նրանց թիվը չհրապարակելով իշխանությունը թաքցնում է իր կատարած հանցագործությունը: Նա պնդել է, որ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ըստ Շահնազարյանի՝  հոկտեմբերի 3-ին եւ 11-ին Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր։

Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերի մեջ որեւէ պառակտում չկա, խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը: Նրա խոսքով՝ բոլոր ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատում են վերջնական նպատակին՝ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականին հասնելու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենց օրակարգը մնում է նույնը՝ անցումային կառավարության ձեւավորումը, ԼՀԿ-ի թեկնածուն էլ ինքն է:

Երևանի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող շենքային համալիրից բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակում, որպես բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող՝  նշված է Լիանա Ղազարյանի անունը, որը գլխավոր դատախազի տեղակալ, Մարտի 1-ի գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանի կինն է։ 33-ամյա Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝  այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրով, ինքն ունի երկու բնակարան, մեկը՝ Ալավերդիում, մյուսը՝ Երևանի Արաբկիրում։ 2019-ին աշխատավարձ է ստացել 4 տեղից՝ Դատախազություն, Ֆրանսիական համալսարան, Արդարադատության ակադեմիա, ԵՊՀ, երկու տեղից էլ փոխառություն է ներկայացվել։

Ստացվում է, որ Բաղդասարյանն ունի երկու բնակարան, բայց կինը առաջնահերթ կարգով բնակարանի կարիք ունի։ Հիշեցնենք, որ Բաղդասարյանը հունվարի 19-ին դատարանում սրտնեղել էր, որ երկրորդ նախագահն իրեն անվանել էր Շուշին հանձնողներից մեկը։

Դատարանը բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը,  անվավեր է ճանաչել նրան պաշտոնից ազատելու՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, եւ նրան վերականգնել է նախկին աշխատանքում։

Դատարանը նաեւ բավարարել է հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու՝ Վիրաբյանի պահանջը,  նախարարությունից էլ պետական բյուջե է բռնագանձել 4.000  դրամ որպես պետական տուրք, հօգուտ  Վիրաբյանի՝ 50.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Կառավարության նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել առողջապահության նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Հարությունյանին: Նույն նիստում օրեր առաջ հրաժարական տված Տիգրան Պետրոսյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165528-ի: Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի: 1 վարակված էլ, ըստ առողջապահության նախարարության,  մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 3763 է: Արցախում մեկ օրում հայտնաբերվել է 9 վարակված։

Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման «թեժ գիծ» է դիմել  2320 մարդ: Անհետ կորածների որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորախումբ: Բոլոր դիմումները մտցվում են տվյալների բազա եւ փոխանցվում համատեղ որոնողական խմբերին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

30 տարուց ավելի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը ազատվել է ի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին նշանակել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատելով Հայաստանի Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

Տոների և հիշատակի oրերի մաuին օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում: Առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել, իսկ տոն օրեր՝ հունվարի 1-ն ու 2-ը, նաեւ հունվարի 6-ը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով ու կազմել  518.89 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.41 դրամով ու հասել 629.98 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.46 դրամով ու հասել  712.54 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 7.05 դրամ:

Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը  գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 14-ից 16 աստիճան զրոյից ցածր, վաղը ցերեկը՝ -2-ից -4։