Նախօրեին Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Մարմիններն անճանաչելի են, նրանց ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Այս մասին Նիդերլանդական պարբերականին տված հարցազրույցում ասել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Նրա խոսքով՝ գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»,– ասել է նա։
«Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին երեկ ուշ երեկոյան մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Գնդապետի պաշտպան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ին ասել է, որ Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Եռաբլուրում Վահան Բադասյանն ասել էր. «Եթե Փաշինյանը չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով»:
Նախօրեին կառավարության մոտից բերման ենթարկված եւ ձերբակալված 5 անձանց գործը քննվում է քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ինչպես նշված է հաղորդագրությունում՝ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում իշխանափոխության պահանջով հավաքված ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կառավարության շենքի առջեւ բախումներ են տեղի ունեցել։ Ձերբակալվածներն են ցույցի կազմակերպիչ, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, բռնցքամարտի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, Արագած Ախոյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը։
Կառավարության դիմաց «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանը ներկայացրել է Փաշինյանի՝ Ազգային Ժողովում ելույթից Շուշիի մասին հայտարարությունը՝ պաստառի տեսքով, քանի որ Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան հունից դուրս եկած վարչապետը պահանջել էր գրավոր մեջբերել իր խոսքը, խոստանալով, որ կպատասխանի հարցին ուղիղ եթերում:
Մի քանի ժամ լրագրողը մնացել է կառավարության մոտ, սակայն վարչապետը դուրս չի եկել։ Լրագրողը խոստացել է ամեն պատեհ առիթով Փաշինյանից ճշտել՝ նրա համար Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՞ ադրբեջանական։
Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք զրկվել են իրենց տներից ու տարածքներից, այսօր նույնպես կառավարության մոտ էին։ Նրանք ասել են, թե իրենց պահանջը կորցրած գույքի դիմաց փոխհատուցումն է:
Ավելի ուշ վարչապետի օգնականը խոստացել է, որ փետրվարի 3-ին նրանց կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել կամավորականներն ու աշխարհազորայինները՝ պահանջելով իրենց հասանելիք փոխհատուցման գումարները: Կամավորականների 350 հոգանոց զորախումբը եղել է Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, նրանց փոխհատուցումների վճարումը ձգձգում են:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ եւս նրանք հավաքվել էին նախարարության դիմաց, սակայն արդյունքի չէին հասել:
Ազգային անվտանգության ծառայությունը մաքսային կառույցում կոռուպցիայի դեպք է բացահայտել։ Նշվում է, որ Արաբական Էմիրություններից ներմուծվել եւ հայտարարագրվել է 148,5 հազար դոլարի մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 միլիոն դրամ, այնինչ փորձագետը պարզել է, որ ադամանդների շուկայական արժեքը 420 միլիոն դրամից ավելի է։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարության մեկ պաշտոնյա, մեկ տասնյակ անձ բերման է ենթարկվել:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահերի թիվը հասել է 3834-ի։ Երեկ մահացել է 5 վարակված, որոնցից 3-ն, ըստ առողջապահության նախարարության՝ այլ հիվանդությունից։ Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 59 նոր դեպք:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով ու հասել 518.27 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով ու կազմել 627.83 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.43 դրամով ու կազմել 708.16 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել 6.80 դրամ:
Հունվարի 30-ին երկրի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ։ Եղանակը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով։ Երեւանում սպասվում են թույլ տեղումներ։ մայրաքաղաքում գիշերը կլինի -1-ից -3, վաղը ցերեկը +2-ից +4։











