Հայ ռազմագերիների վերադարձը կարեւոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ չի չափազանցնում, երբ ասում է, որ այն իսկապես առաջնային խնդիրներից մեկն է։ «Հավատացեք, արվում է առավելագույնը: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի»,- ասել է դեսպանը: Նկատենք, որ խնդրով զբաղվողների մեջ դեսպանը Հայաստանի իշխանություններից որեւէ մեկին չի մատնանշել։
Ժամկետային զինծառայողներին այլեւս Արցախ չեն ուղարկում, իր աղբյուրներին հղում տալով հայտնել է Sputnik Արմենիան։ Ըստ աղբյուրի, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։ Ձմեռային զորակոչի ընթացքում ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ:
Ավելի վաղ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։ Այնուհետեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։
Դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ է տվել գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել, որոնք դրա օտարում չեն ենթադրում: Հայտարարությունը ներկայացրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը չի առարկել, դատարանն էլ խոչընդոտ չի տեսել, եթե գործարքը գույքի օտարում չի ենթադրում: Դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի փաստաբանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը եւ նրան վերադարձնել գրավը։ Դատարանը որոշումը կհրապարակի երկու օրից։
Կարմիրբերետավորներն էկոնոմիկայի նախարարության հարող մայթից բռնի ուժով բերման են ենթարկել ցուցարարներին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանի նախարարություն։ Ցուցարարներն իրականացնում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն» խորագրով ակցիան։
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել լիազորությունները, ավագանու նիստի սկզբում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Խաչունցի փոխարեն այս պաշտոնում ընտրվել է Արմեն Գալջյանը:
Հիշեցնենք, որ Խաչունցը խաղացել էր գլխավոր դերերից մեկը հանրության շրջանում բացասաբար ընդունված ֆուտուրիստական «ներկայացման» մեջ` այն «մշակութային հեղափոխության» սկիզբ անվանելով:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի փոխքաղաքապետ նշանակվելու փաստով պայմանավորված, «Իմ քայլը» դաշինքի անդամի մանդատը տրվել է ցուցակում հաջորդ թեկնածու Անուշ Քլոյանին: Նա Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված եւ ժամանակին դատավարության ակտիվ դերակատար, պետությունից 30 միլիոն դրամ ստացած, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցած Սարգիս Քլոյանի դուստրն է։
Ավագանին այսօրվա նիստում քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանին: Նվարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ–հատ ծամել բոլորի ականջները»։
Ազգային ժողովն ընտրում է Վճռաբեկ դատարանի նախագահ։ Այդ պաշտոնի հավակնորդ Լիլիթ Թադեւոսյանը հայտարարել է, թե չի մասնակցել եւ չի մասնակցելու որեւէ քաղաքական գործընթացի։ Ասել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո իրեն է հանձնարարվել ապահովել հարուցված գործերով մեղադրանքի պաշտպանությունը: Ըստ նրա՝ դատական համակարգի համար մեկ խնդիրը դատարանների գերծանրաբեռնվածությունն է:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մայր Սեդա Արոնովան զայրացել է որդու հասցեին տարատեսակ քննադատություններից, թե իբր նա փոխում է շախմատային քաղաքացիությունը կամ իբր անհիմն աշխատավարձ է ստացել։ «Լևոնը Հայաստանում է և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո։ Լևոնի մասնակցությունը շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէ, աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար է։ Մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր Արոնով ազգանունը դարձրել է ԱրոնՅԱՆ», շեշտել է Սեդա Արոնովան՝ հիշեցնելով «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»:
AntiFake.am-ը գրում է, որ կորոնավիրուսի համաճարակի եւ պատերազմի պայմաններում, իշխանությունը շարունակել է ճոխ պարգեւավճարների արատավոր պրակտիկան:
Կայքի հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում անցած տարի 6 միլիարդ 820 միլիոն դրամի կավ ավելի քան 14 միլիոն դոլարի պարգեւավճար է բաժանվել։ «Հետաքրքիր է, թե քանի ԱԹՍ կարելի էր ձեռք բերել այդքան գումարով», հռետորական հարց է հնչեցրել կայքը։
«Ազատ Արցախը» հայտնում է, որ հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելվել է: Ըստ նախնական պայմանավորվածության, խումբը պետք է մտներ Դադիվանք, սակայն ադրբեջանցիները հոխորտալով արգելել են՝ պատճառաբանելով, թե իբր իրենք չեն տեղեկացվել։ Ռուս խաղաղապահներն ապացույցներ են ներկայացրել։ Ժամեր տեւած հստակեցումներից հետո խումբը առաջ է շարժվել, սակայն ադրբեջանցիները փակել են հայ ուխտավորների եւ ռուս զինվորների ճանապարհը, որոնք երեկոյան վերադարձել են Ստեփանակերտ։
Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, որն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, ականի պայթյունից չորս ադրբեջանցի զինծառայող է մահացել: Եվս 4-ը վիրավորվել են։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Աղդամում նմանատիպ 2 դեպք էր գրանցվել, դարձյալ զոհերով ու վիրավորներով։
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 123 եւ մահվան 4 դեպք գրանցվել։ Մահերից մեկն, ըստ առողջապահության նախարարության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3910 է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.80 դրամով ու կազմել 522.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.09 դրամով ու հասել 632.76 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.80 դրամով ու հասել 720.14 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 7.06 դրամ:
Փետրվարի 10-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ; Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +1-ից +3, վաղը ցերեկը 12-14 աստիճան զրոյից բարձր։











