Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը փետրվարի 17-ից հետո ջերմաստիճանի հերթական կտրուկ անկումն է կանխատեսում եւ այգեգործներին ու գյուղատնտեսներին հորդորում է հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չանել։ Կենտրոնից հայտնում են, որ վերջին 10 օրերին երկրում  օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։

Ռուս խաղաղապահները երեկ երեկոյան հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք, մեկ ադրբեջանցու էլ տարել են Բաքու։ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն ընդգծել է, որ իրենք հետագայում եւս կշարունակեն նպաստել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կատարմանը: Երեկ վերադարձած գեիներից 3-ը Շիրակից են։

Շիրակից անհետ կորածների և գերի ընկածների ծնողները փակել են Արմավիր-Գյումրի և Գյումրի-Երևան ճանապարհները եւ պահանջում են արդյունավետ զբաղվել գերիների եւ անհետ կորածների խնդրով։

Գերիների թեմային եւ Գյումրիում մարդկանց բողոքին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է «Իմ քայլի» անդամ Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ Սյունիքի Սրաշեն, Շիկահող համայնքների բնակիչները լսում են անկանոն կրակոցների ձայներ, ըստ ամենայնի,   ադրբեջանական կողմից: Պաշտպանության նախարարը պատասխանել է, որ այդ ահազանգի մասին տեղյակ չէ, կճշտի եւ կպատասխանի։  «Դեկտեմբերից մինչեւ օրս մենք չունենք որեւէ սպանություն շփման գծում, ունենք մի վիրավոր Շուշիում: Այս ընթացքում որեւէ միջադեպ մենք չենք ֆիքսել: Զինադադարի խախտումներ եղել են, օրինակ, օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում», ասել է Վաղարշակ Հարությունյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ «Դուք շարունակում եք մնալ վարչապետ, բայց շարունակում եք չկարողանալ սպասարկել Հայաստանի պետական շահերը։ Մինչեւ ե՞րբ եք մնալու վարչապետ, եւ մինչեւ երբ եք  պետական շահը ստորադասելու ձեր պաշտոն ունենալուն»,- հարցրել է նա։ Փաշինյանին ուղղված հարցին պատասխանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ նշել՝ Սահմանադրությամբ է նախատեսված, թե առհասարակ վարչապետն ու կառավարությունը մինչեւի երբ են մնում իրենց պաշտոններում:

Ազգային ժողով այցելած խորհրդարանի հնաբնակներից Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ քաղաքական կյանքում կլինեն նոր զարգացումներ, նոր մեթոդներ, շատ ավելի մեծ համախմբում։ «Վստահ եղեք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը, ի հակասություն «Իմ քայլի» տեսակետի՝ պահանջելու է  այս մարդու հրաժարականը։ Նա կամավոր չի գնալու, բայց կուղարկենք, հանգիստ եղեք», ասել է նա, նաեւ անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեմային։ 

ՀՅԴ նախկին պատգամավորն ասել  է, թե եկել է ծանոթանալու, նշել, թե «Իմ քայլից» մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը՝ ազդեցության գործակալներ, 3-4 հոգի մտքի գիգանտներ, մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են։ Վերլուծաբանները ենթադրում են, որ Վարդանյանը փորձելու է այս վերջիններին բացատրել «Իմ քայլը» խմբակցությունում մնալու անհեռանկարայնությունը։

Կրթության ոլորտի մասնագետների կարծիքով՝ բուհերի կառավարման նոր օրենսդրական փաթեթով կառավարությունը ձգտում է վերացնել բուհերի ինքնակառավարման ինստիտուտը։ Փաթեթը խորհրդարանի դատին ներկայացրելով, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, թե բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի մինչեւ 9 մարդ եւ դա արվում է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Օրվա ընթացքում նախարարը հասցրել է վիճել մի քանի պատգամավորի հետ։

Օրինագիծը պարունակում է մի շարք ռիսկեր,  օրենքների խախտումներ, այդ թվում Սահմանադրության խախտումներ, հայտարարել է «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանը: Նա ասել է, թե նախկին արատավոր պրակտիկան հիմա նորացված կիրառում են:

«Իմ քայլից» հեռացած մեկ այլ պատգամավոր Գոռ Գեւորգյանի հետ վեճը սկսվել է, երբ նրա քննադատություններին Վահրամ Դումանյանը տեղից է արձագանքել։

Նոր մանրամասներ փետրվարի 6-ին տեղի ունեցած սահմռկելի դեպքից։ Այդ օրը Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա էր տեղափոխվել  հիվանդանոց։ Ոստիկաններին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնել են, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մարմնին վնասվածքներ են եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածել են երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք եւ 6 մահ է գրանցվել։ Վարակվածներից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

Մահացածների ընդհանուր թիվը 3916 է։ Փաստացի այս պահին բուժվում է 4175 մարդ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով ու կազմել  523.13 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.33 դրամով ու հասել 634.09 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.77 դրամով ու հասել 723.91 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով  ու կազմել է 7.09 դրամ:

Փետրվարի 11-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 2-ից 4, վաղը ցերեկը 13-15 աստիճան զրոյից բարձր։